Արտարժույթի անկայունությունը՝ լուրջ մտահոգության առիթ․ հայ գործարարները խնդրի առջև են
Արտահանե՞լ, թե՞՝ ոչ։ Շեքսպիրյան այս հարցն այսօր ավելի քան արդիական է հայկական արտադրողի համար, ով հայտնվել է անելանելի վիճակում՝ բախվելով մի շարք խնդիրների ու խոչընդոտների տեղական արտադրանքը դրսի շուկա դուրս բերելու հարցում։
Գլխավորապես արտահանում իրականացնող և միջազգային շուկայում արդեն իսկ իրենց տեղն ունեցող հայկական ընկերությունները տևական ժամանակ է բարձրաձայնում են արտահման հետ կապված խնդիրների մասին, դիմում տնտեսական բլոկը համակարգող նախարարություններին, ԿԲ-ին՝ հորդորելով լուծման տարբերակներ գտնել ի հայտ եկած խնդիրների համար։
Հումքի թանկացում, լոգիստիկ խնդիրներ, արտարժույթի փոխարժեքի անկայունություն․․․ Մասնավորապես վերջինը այս պահին ամենացավոտն է շատ ընկերությունների համար։
Ի՞նչ խնդիրների է բախվում հայ գործարարը ապրանք արտահանելիս
«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը դրանք մի քանի խմբի է բաժանում։ Առաջինը լոգիստիկ խնդիրներն են՝ կապված Լարսի սահմանային անցակետի հետ, որոնք, ըստ փորձագետի, կարելի էր ավելի վաղ կանխատեսել՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական վերջին զարգացումները։ Ամիրխանյանը նկատում է՝ հնարավոր էր կանխատեսել, որ Լարսում կուտակումներ կառաջանան, ու բեռները երկար ժամանակ կմնան այնտեղ, «հետևաբար կարելի էր շուտ փչացող ապրանքների, օրինակ, մթերքի մասով գործընկեր երկրների հետ նախապես բանակցել՝ նման խնդիրներից խուսափելու համար»։
Հաջորդ խումբը դրամ-դոլար փոխարժեքային անկայունության բավական մտահոգիչ իրավիճակն է։ «Արտահանողին հասցվող ամենատեսանելի հարվածն արտարժույթի արժեզրկմամբ է պայմանվորված, քանի որ արտահանողների եկամուտները արտարժույթով են, իսկ դոլարի փոխարժեքի անկումն ուղիղ հարված է արտահանողի եկամուտներին։ Երկրորդը հարվածը պայմանավորված է արտահանման համար նախօրոք կնքված պայմանագրերով, շատ հաճախ նախապես կնքված պայմանագիրը գործարարը փոփոխման ենթարկել կամ ապրանքի գները վերանայել չի կարող՝ ելնելով տվյալ պահին դոլարային փոխարժեքից»,- նշում է փորձագետը։
Երրորդ խումբը, մեր զրուցակցի դիրտարկմամբ, շուկաների մրցունակության հետ է կապված։ «Դոլարի փոխարժեքի անկմամբ պայմանավորված՝ հայկական ապրանքների թանկացման դեպքում դրսի շուկաներում շարունակել տեղ զբաղեցնելը կարծես թե այնքան էլ հեշտ չի լինի, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ որպես արտահանող երկիր մենք այնքան էլ կայուն դիրքեր չունենք համաշխարհային շուկաներում և հեշտությամբ կարող ենք այդ շուկաները կորցնել։ Հետևաբար, մրցունակությունը չկորցնելու համար արտահանողը պետք է պարզապես կրճատի արտահանման ծախքերը՝ այն հիմնական ծախսերը, որոնք անհրաժեշտ են արտադրության և արտահանման կազմակերպման համար։ Օրինակ, աշխատակիցների աշխատավարձային ֆոնդի, աշխատողների քանակի կրճատումը»,- նկատում է Ամիրխանյանն ու հավելում, որ այս խնդիրներին արտահանողն այսօր բախվում է։
Եթե չարտահանենք, ապա ի՞նչ անենք․ շուկա ենք կորցնում
Գյուղատնտեսական ապրանքների վերամշակմամբ և արտահանմամբ զբաղվող «Արմավիր ֆրութ» ընկերության համահիմնադիր տնօրեն Հայկ Մանուկյանը մեզ հետ զրույցում նշում է, որ արտահանվող ապրանքատեսակների գինն անցյալ տարի են որոշել ու դոլար-դրամ փոխարժեքային տատանումների պատճառով գնային քաղաքականության վերանայում չեն արել․ կնքված պայմանագրեր ունեն, գործընկերներին ու նրանց վստահությունը կկորցնեն։
Արտարժույթի անկայության հետևանքով ընկերությունն այժմ կանգնել է ծախսերը հոգալու դժվարության առջև։ «Այն ժամանակ ստացած շահույթով կարողանում էինք մեր ծախսերը հոգալ, հիմա դժվարանում ենք։ Հաշվի առնելով, որ հումքն էլ է բավականին թանկացել, արդեն նաև աշխատուժի վարձատրման խնդիր ունենք»,- ասում է գործարարը, բայց շեշտում, եթե դադարեցնեն արտահանումը, կկորցնեն այդքան դժվարությամբ ու տարիների ջանքերով ձեռք բերած արտասահմանյան շուկան։
«Արմավիր ֆրութն», օրինակ, 9 տարի աշխատել է, որ կարողանա ամերիկյան շուկա մտնել, ամերիկացիների քիմքին համապատասխան պրոդուկտ արտահանել, եթե դադարեցնի արտահանումը, այդքան տարիների ջանքերը ջուրը կընկնեն, արված աշխատանքը կոչնչանա։ «Եթե չարտահանենք, ապա ի՞նչ անենք։ Շուկան չի սպասում։ Եթե պահանջարկ կա, շուկայում այդ տեղն արագ ուրիշն է զբաղեցնում։ Մեր տեղը շուկայում կորցնելու պարագայում նորից նույն շուկա մտնելն արդեն կդժվարանա, անվստահելի գործընկեր կդառնանք։ Ափսոսում ենք տարիների մեր աշխատանքը, շուկայում տեղ զբաղեցնելուն ուղղված երկար ջանքերը, ապրանքատեսակներն ու ապրանքանիշը։ Այսօր կորցնում ենք, ու հայտնի չէ, թե ինչքան ենք դեռ կորցնելու․․․»։
Մանուկյանն ասում է, որ այժմ փորձում են այնպես անել, որ գոնե առանց տուժելու աշխատեն, ֆինանսական առումով հետընթաց չգրանցեն։ «Արդեն ապրանքատեսականեր ունենք, որոնք այլևս եկամուտ չեն բերելու, օրինակ, պահածոների մի քանի տեսակ։ Այս ապրանքատեսականու հետ կապված հետևյալ խնդիրն ունենք՝ նախապես պայմանավորվել ենք հստակ գին, իսկ հետագայում հումքը թանկացել է, դոլարն՝ արժեզրկվել, սակայն գինն այլևս փոխել չենք կարող։ 162 տեսակի ապրանք ունենք, վերջնական ադյունքն այս պահին կանխատեսելի չէ, հայտնի չէ՝ եկամուտ կունենանք, թե՝ ոչ»,- ասում է գործարարը։
Արտահանում ենք ոչ միայն ապրանք, այլև ծառայություն
Հայաստանը ոչ միայն շոշափելի ապրանք է արտահանում, այլ նաև ծառայություն, օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որը ևս լրջագույն խնդրի առաջ է կանգնած փոխարժեքի տատանումների պատճառով։ ՏՏ ոլորտի եկամուտները գոյանում են դոլարով կամ եվրոյով՝ արտարժույթով, ուստի դրանց արժեզրկումը առաջացնելու է որոշակի ծախսերի կրճատում, այդ թվում նաև աշխատակիցների քանակի։
Օրեր առաջ լրագրողների հետ հանդիպման ընթացքում DataArt ընկերության տնօրեն Արսեն Բաղդասարյանը, ներկայացնելով ՏՏ ոլորտում ծագած խնդիրները, ընդգծեց, որ վերջին մի քանի ամսում արտարժույթի շուկայում գրեթե 20 տոկոսի կորուստ են արձանագրել։ «ՏՏ ոլորտի համար դա լուրջ գումար է, ինչը լրջորեն ազդում է ընկերությունների զարգացման վրա։ Դրամ-դոլար փոխարժեքի տատնումների ու վայրիվերումների առաջին վնասը կամ վատ արդյունքը կլինի ոլորտային փոքր ընկերությունների փակվելը։ Մեծ կազմակերպությունների պարագայում էլ այլ խնդիրներ են ի հայտ գալիս, օրինակ, ներդրումների խնդիրը։ Ընկերությունը պետք է տեխնիկա ձեռք բերի, նպաստի աշխատակիցների մասնագիտական գիտելիքների զարգացմանը, ի վերջո աշխատավարձեր վճարի»։
Ըստ Բաղդասարյանի՝ փոխարժեքի անկայունությունը մի իրավիճակի է հանգեցնում, երբ գործարարը չի կարողանում ներդրումներ անել բիզնեսում, բիզնեսն առաջընթաց չի ապրում, ինչն էլ իր հերթին վկայում է, որ ոչ միայն տարածաշրջանում է դադարում մրցունակ լինել, այլև ողջ աշխարհում։
Տուժում են ներդրումային ծրագրերը
Խոշոր ներդրումային ծրագրերի կամ պոտենցիալ ներդրումների մասին խոսելիս կարող ենք ենթադրել, որ դրանք արտարժույթային գործարքներ են, և այս պարագայում ոչ միայն պոտենցիալ ներդրումներն են տուժում, այլ նաև եղածները։
Հայկ Մանուկյանի և ամերիկացի գործարարների համատեղ ներդրումային ծրագիրն արտարժույթի տատնումների և ձևավորված անորոշ վիճակի պատճառով սառեցվել է, ծրագիրն ավարտին հասցնել չեն կարողացել, ու արդյունքում գրեթե 1 մլն դոլարի կորուստ են արձանագրել։
«Նոր արտադրամաս էինք հիմնելու ու մի քանի ապրանքատեսակ ավելացնելու։ Նախորդ տարի արվել էին հաշվարկները, բյուջեն հատկացվել էր։ Այս տարի մարտից սկսեցինք աշխատանքներ ծավալել և փոխարժեքի տատանման արդյունքում գրեթե 1 մլն դոլարի կորուստ ունեցանք»,- ասում է գործարարը և հավելում,- Այս ընթացքում մենք նախընտրեցինք նոր այգիներ հիմնելու համար ներդրում չանել։ Այլևս չենք պլանավորում մեծացնել մեր այգիները, նախընտրում ենք գումարը դնել գործող այգիների վրա, ոչ թե նորը հիմնել»։
Թե՛ Մանուկյանը, թե՛ Ամիրխանյանը ընդգծում են․ տնտեսությունը իրավիճակին հարմարվելու «սովորություն» ունի, բայց անորոշության պարագայում, երբ անգամ կարճաժամկետ կանխատեսումներ չկան, այդ «սովորությունն» ի չիք է դառնում։
Հավանական լուծումներ
«Մանթաշյանց» գործարարների միության համահիմնադիր Վահրամ Միրաքյանը մեզ հետ զրույցում փոխարժեքի տատանումներից ի հայտ եկած խնդիրների հնարավոր լուծումների շարքում հետևյալն է նշում․
«Թեմայի շուրջ հանդիպումներ ենք ունեցել Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարների, ԿԲ նախագահի հետ, սակայն դեռևս լուծումներ չկան։ Շարունակելու ենք հանդիպումները վերջիններիս հետ, որպեսզի լուծումներ գտնենք։ Որպես խնդրի լուծում կարող է դիտարկվել կա՛մ դոլարի անկումն ու դրամի արժևորումը կանգնեցնելը, կա՛մ գործարարներին սուբսիդավորում տրամադրելը։ Լավագույն տարբերակն այս պարագայում դոլարի կուրսի արժեզրկումը կանգնեցնելն ու մասամբ վերակագնելը կլինի»։
Եթե խնդրի լուծման համար ընդհանուր գործիքներ չկիրառվեն, ապա, ըստ Միրաքյանի, ոլորտային լուծումների կիրառման անհրաժեշտություն է ծագելու։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով, այս պարագայում ԿԲ-ն պետք է նոր գործիքակազմ կիրառի։ «Նաև հասկանում ենք նրանց մտահոգությունները՝ կապված գնաճի հետ, բայց կարծում ենք, որ այդ ամենն այնպես պետք է արվի, որ տնտեսության կարևր ճյուղերին որևէ վտանգ չսպառնա։
ԿԲ-ն ունի այն գործիքակազմը, որով կարող է այնպես անել, որ ավելի հավասարակշռված փոխարժեք ունենանք»,- նշել է նախարարը։
Լիլիա Ամիրխանյան էլ նշում է, որ թեև տևական ժամանակ է դոլարն արժեզրկվում է, իսկ դրամն՝ արժևորվում, սակայն կանխատեսում կամ երաշխիք չկա, որ այս իրավիճակը միջնաժամկետ կտրվածքով կպահպանվի, օրինակ, առաջիկա 5 կամ 3 տարում։ «Անգամ առաջիկա մեկ տարվա համար կանխասում չունենք։ Ամբողջ խնդիրն այն է, որ պլանավորման հետ կապված բավական լուրջ անորոշություն կա։ Արտահանողները չունեն որոշակիություն՝ հետագա ինչպիսի ռազմավարություն մշակեն, փոխե՞ն, թե՞ չփոխեն պայմանագրերը, նոր փոխարժեքի համաձայն գործողություններ անե՞ն, թե՞՝ ոչ․․․ »,- ասում է փորձագետը։
Վերջինիս խոսքով, արտահանումը մեր տնտեսության համար մեծ կարևորություն ունի, առանձնահատուկ ուշադրություն, պետական սուբսիդիաներ, հովանավորչություն է պահանջում։ «Ոչ օրինաչափ իրավիճակներում պետության գործողությունները պետք է լինել ոչ օրինաչափ, այսինքն, իրավիճակին համապատասխան, առնվազն օպերատիվ գործողությունների մասով, ի դեմս խնդիրների հավաքագրման, հնարավորինս մեղմման քաղաքականության։ Բայց խիստ իրավիճակային լուծման քաղաքականությունն ու ձեռագիրը, որը որդեգրել է այս իշխանությունը, որևէ կերպ նպաստավոր չէ ճգնաժամային տնտեսության և դրան աջակցելու և վերականգնելու տեսանկյունից»,- նշում է փորձագետը։
Ըստ Հայկ Մանուկյանի՝ եթե պետությունը չաջակցի բիզնեսին, գործարարն էլ չկարողանա դժվարությունները հաղթահարել, դուրս կգա շուկայից։ Արդյունքում նաև տեղական շուկայում դեֆիցիտ կառաջանա, կմեծանան ներմուծման ծավալները, որպեսզի առաջացած պահանջարկը ապահովվի։ «Որպեսզի աջակցության ծրագրերն արդյունավետ լինեն, այն գումարները, որոնք մուտք են գործում երկիր որպես ներդրում կամ ծառայության ու ապրանքի համար վճարվող գին, դրանց՝ մուտք գործող գումարների համար որոշակի շեմ ընտրենք ու որոշակի փոխհատուցում տանք ընկերություններին։ Բազում ընկերություններ արդեն իսկ չեն դիմացել ստեղծված իրավիճակին ու փակվել են, որոշներն աշխատակիցների թիվն են կրճատել։ Վաղվա օրն անորոշ է, բայց մի բան հաստատ է՝ չենք ունենալու նախկինի շահութաբերությունը կամ էլ ընդհանրապես շահույթ չեն ունենալու»,- եզրափակում է գործարարը։
Գոհար Մակարյան