Ի՞նչ մահացու վտանգավոր վիճակի մասին կարող է ահազանգել դեպրեսիան
Չնայած շատերը տառապում են դեպրեսիայով կաթվածից հետո, նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Neurology ամսագրում, ցույց է տվել, որ դեպրեսիան հաճախ ավելի շուտ է առաջանում եւ կարող է նախազգուշացնող նշան լինել։
«Այս հետազոտությունն ընդգծել է, թե ինչու պետք է բժիշկները հետեւեն այն մարդկանց դեպրեսիայի ախտանշաններին, որոնք կաթված են տարել»,- ասել է հետազոտության հեղինակ Մարիա Բլոհլը Մյունսթերի համալսարանից (Գերմանիա)։
Բլոհլը եւ նրա գործընկերները հետազոտության համար ուսումնասիրել են ավելի քան 10 000 մեծահասակի, որոնք կաթված չեն ունեցել (միջին տարիքը՝ 65)։ 12 տավա դիտարկումների ընթացքում 425 մարդ կաթված է ստացել։ Այդ պացիենտներին համեմատել են ավելի քան 4 200 մարդու հետ, որոնք նման կենսագրություն են ունեցել, բայց կաթված չեն տարել։
Հետազոտության մասնակիցներն ամեն երկու տարին մեկ հարցման են ենթարկվել։ Նրանց հարցրել են, թե արդյոք վերջին շաբաթվա ընթացքում դեպրեսիայի նշաններ զգացել են, ներառյալ միայնության, տխրության զգացողությունը, անհանգիստ քունը կամ զգացումը, թե ամեն բան դժվար է ստացվում։
Հարցումները ցույց են տվել, որ դեպրեսիայի ախտանշանները հաճախ նախորդում են կաթվածներին եւ խորանում դրանցից հետո։
Չնայած երկու խումբն էլ նման ցուցանիշներ են ունեցել կաթվածից վեց տարի առաջ, տարիների ընթացքում մասնակիցները, որոնք հետո պետք է կաթված ունենային, դարձել են ավելի ճնշված, ընդհուպ մինչեւ այն, որ հիվանդացել են, նշել են հետազոտության հեղինակները։
Մինչեւ կաթվածը մարդկանց 29 տոկոսի (որոնք հետո կաթված են ստացել) վիճակը համապատասխանել է հնարավոր դեպրեսիայի չափանիշներին՝ այն 24 տոկոսի համեմատ, որոնք կաթված չեն ունեցել։ Կաթվածի պահին 34 տոկոսը համապատասխանել է հավանական դեպրեսիայի չափանիշներին, նշել են հետազոտողները։
«Դա վկայում է այն մասին, որ դեպրեսիայի ախտանշանների ուժեղացումը կաթվածից առաջ հիմնականում քիչ նկատելի փոփոխություններ են, որոնք միշտ չէ, որ կարելի է հայտնաբերել կլինիկական առումով։ Բայց անգամ դեպրեսիայի ախտանշանների աննշան ուժեղացումը, հատկապես այն ախտանշանները, որոնք կապված են տրամադրության եւ հոգնածության հետ, կարող են ահազանգել այն մասին, որ ուր որ է կաթված կպատահի,- նշել են գիտնականները։