Լավագույն տարբերակը դոլարի արժեզրկումը կանգնեցնելն է․ գործարարը՝ արտարժույթի տատանումների բացասական հետևանքների մասին

Լավագույն տարբերակը դոլարի արժեզրկումը կանգնեցնելն է․ գործարարը՝ արտարժույթի տատանումների բացասական հետևանքների մասին

Արտարժույթի փոխարժեքի անկայունությունը բացասական հետևանքներ է ունեցել մի շարք ոլորտների վրա, ինչպիսիք են արտահանումը, տուրիզմը, կառուցապատումը, նաև տուժել է ներդրումային ոլորտը․ խնդրի լուծման համար ոլորտային լուծումներ են պետք։ Այս մասին «Մանթաշյանց» ԳՄ առաջին միջազգային բիզնես ֆորումի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց միության համահիմնադիր Վահրամ Միրաքյանը։

Միրաքյանը նշեց, որ վերոնշյալ թեմայի շուրջ նախօրեին հանդիպումներ են ունեցել գործադրի տնտեսական բլոկը համակարգող նախարարների հետ, նաև ԿԲ նախագահի հետ, սակայն դեռևս լուծումներ չեն գտել։ «Այս պահին լուծումներ չկան, շարունակելու ենք հանդիպումները վերջիններիս հետ, որպեսզի լուծումներ գտնենք։ Որպես խնդրի լուծում կարող է դիտարկվել կա՛մ դոլարի անկումն ու դրամի արժևորումը կանգնեցնելը, կա՛մ գործարարներին սուբսիդավորում տրամադրելը։ Լավագույն տարբերակն այս պարագայում դոլարի կորուսի արժեզրկումը կանգնեցնելն ու մասամբ վերակագնելը կլինի»,- նշեց Միրաքյանը՝ ընդգծելով, որ եթե խնդրի լուծման համար ընդհանուր գործիքներ չկիրառվեն, ապա ոլորտային լուծումների կիրառման անհրաժեշտություն է ծագելու։

Հիշեցնենք, որ նախօրեին տեղի ունեցավ «Մանթաշյանց» ԳՄ առաջին միջազգային բիզնես ֆորումը՝ միության 4 մասնաճյուղերի շուրջ 250 անդամի մասնակցությամբ։ Վահրամ Միրքյանի խոսքով միջազգային ֆորումը կարող է լավագույն հարթակը դառնալ միության տարբեր մասնաճյուղերի գործարարների ծանոթության, բիզներ կապերի հաստատման և համագործակցության համար։

«Միջազգային ֆորումը հետևյալ խնդիրն է լուծում՝ տարբեր երկրների կառուցների անդամների հետ շփումների արդյունքում մարդիկ սկսում են մտածել ու գործել գլոբալ կերպով, ծնվում եմ միմյանց հետ համագործակցելու մտքեր ու գաղափարներ։ Ավելի գլոբալ մտածելիս մեր տնտեսությունն էլ է դառնում ավելի հզոր, գլոբալ գործելը ու գլոբալ շուկա դուրս գալը մեր տնտեսության փրկությունն է։ Սա նման բնույթի առաջին ֆորումն էր, որը կրելու է տարեկան բնույթ»,- ասաց միության համահիմնադիրը։

Ամփոփելով նախորդ ամիսների գործունեությունը և ուրվագծելով հետագայի ծրագրերը՝ Միրաքյանը նշեց, որ նպատակ ունեն ընդլայնել գործարարների միության սահմաններն ու կազմը՝ հասցնելով շուրջ 4000 անդամ ունեցող ու 50 քաղաքում գործունեություն ծավալով հզոր կառույցի, որպեսզի հայ գործարարը վստահ զգա, որ ողջ աշխարհում գործընկերների մեծ թիմ ունի և ուժեղ կառույց՝ իր թիկունքում։