ԿԲ-ն ջայլամի քաղաքականություն է ընդունել, պետք է քայլեր ձեռնարկեն․ ՏՏ ոլորտի մասնագետները ահազանգում են
Վերջին մի քանի ամսվա ընթացքում դոլարը շուրջ 20 տոկոսով արժեզրկվել է, ինչը լրջորեն անդրադառնում է ՏՏ ոլորտի վրա՝ թե՛ զարգացման, թե՛ ներդրումների, թե՛ աշխատավարձային քաղաքականությունը ճիշտ վարելու տեսանկյունից։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց DataArt ընկերության տնօրեն Արսեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով արտարժույթի փոխարժեքի փոփոխությունների հետևանքով ՏՏ ոլորտում ստեղծված խնդիրներին։
«ՏՏ ոլորտի ընկերությունները գլխավորապես աշխատում են դրսի ընկերությունների հետ, դրամական շրջանառությունն ու պայմանագրերը փոխարժեքով են արվում՝ մեր պարագայում դոլարով, իսկ ներքին ծախսերը՝ դրամով։ Վերջին մի քանի ամսում արտարժույքի շուկայում գրեթե 20 տոկոսի կորուստ ունենք, իսկ ՏՏ ոլորտի համար դա լուրջ գումար է, ինչը լրջորեն ազդում է ընկերությունների զարգացման վրա։
Այսօր ՀՀ-ում 1000-ից ավելի ՏՏ ոլորտի կազմակերպություն կա, որոնցից միայն 100-ն է մեծ, ունի ռիսկային կառավարման գործիքակազմ և կարող է ինչ-որ կերպ դիմակայել ստեղծված խնդիրներին։ Դրամ-դոլար փոխարժեքի տատնումների ու վայրիվերումների առաջին վնասը կամ վատ արդյունքը կլինի փոքր ընկերությունների փակվելը։ Մեծ կազմակերպությունների պարագայում էլ այլ խնդիրներ են ի հայտ գալիս, օրինակ, ներդրումների խնդիրը։ Ընկերությունը պետք է տեխնիկա ձեռք բերի, նպաստի աշխատակիցների մասնագիտական գիտելիքները զարգացմանը, ի վերջո աշխատավարձեր վճարի»,- նկատում է Բաղդասարյանը։ Վերջինիս դիտարկմամբ, եթե այս տատանման պատճառով ընկերությունը չի կարողանում այս ամենն ապահովել, չի կարողանում ներդրումներ անել, նշանակում է, որ բիզնեսը առաջընթաց չի ապրում, տեղում դոփում է, ինչն էլ իր հերթին վկայում է, որ ոչ միայն տարածաշրջանում մրցունակ լինել չես կարող, այլև ողջ աշխարհում։
«Պարադոքսն այն է, որ լինելով ՀՀ քաղաքացի, Հայաստանում գործունեություն ծավալելով, երբևիցե չեմ նկատել մի դեպք, երբ դոլարի փոխարժեքի նվազմանը զուգահեռ մենք գնանկում արձանագրենք․ արի ու տես, որ ոչ մի բան չի էժանանում։ Ընդհակառակը, ամեն ինչ թանկանում է, և ստեղծվում է ռիսկային իրավիճակ»,- նշում է գործարարը։
Ավելի վատ վիճակում են հայտնվել եվրոյով աշխատող ընկերությունները։ Ըստ AIST Global ընկերության հիմնադիր-տնօրեն Հրայր Շահբազյանի՝ արտարժույթի փոխարժեքի տատանման պատճառով արձանագրվել է 20 տոկոսից ավելի շեղում, ինչը կատաստրոֆիկ արդյունք է բերում։ «Բոլորը կարծում են, որ ՏՏ ոլորտը ծաղկում է, երազանքների ոլորտ է, բայց որևէ մեկը չի մտածում, որ այս ոլորտը աշխատում է 20-30 տոկոս մարժայով։ Դրամն այնքան է ամրապնդվել, որ եվրոն գրեթե 20 տոկոսով արժեզրկվել է, և մարժա ասվածը գրեթե չկա։
ՏՏ ոլորտը հայտնվել է այնպիսի վիճակում, որ աշխատավարձերի առումով մոտեցել ենք եվրոպական երկրներին, օրինակ, Ուկրաինային, Լեհաստանին»,- նշում է Շահբազյանը՝ ընդգծելով, որ եթե նախկինում մի կերպ կարողանում էինք այդ շուկաներում առաջ գնալ, դրամի արժևորման և դոլարի արժեզրկման պատճառով նրանց գներն ավելի շահավետ են դառնում։
«Պետությունը պետք է մի բան անի։ Ինչքան էլ ԿԲ-ն ջայլամի քաղաքականություն է ընդունել, ասում է, որ իր գործը չի, աշխարհն է այդպես թելադրում, այնուամենայնիվ, պետք է քայլեր ձեռնարկվեն։ Եթե այսպես շարունակվի, համոզված են, որ բավականին շատ ՏՏ ընկերություններ, որոնք նոր են, փոքր են, չեն դիմանա այս ամենին և ուղղակի կփակվեն»,- նկատեց գործարարը։