Ոստիկանության տարեկան բյուջեն ավելացվավ ավելի քան 2 մլրդ-ով
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում որոշվեց ոստիկանության տարեկան բյուջեն ավելացնել ավելի քան 2 մլրդ դրամով։
Դրա հիմնական մասը`1 մլրդ 980 մլն դրամը, ոստիկանության ծառայողների աշխատավարձերն ու հավելավճարներն են, 215 մլն 100 հազարը`սննդի ապահովման գումարը։
Որոշումն ընդունվել է առանց զեկուցման ու քննարկման։
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Նախագծով առաջարկվում է 1158 ծրագրի 11001 միջոցառման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» 4111 հոդվածը ավելացնել 1.980,0 մլն. դրամի չափով: Խնդիրը կայանում է նրանում, որ ՀՀ ոստիկանության 2022 թ․-ի բյուջեի ընթացիկ ծախսերը, նախորդ տարվա համեմատությամբ, կրճատվել է 4.057,3 մլն․ դրամի չափով, որից 1․600,0 մլն․ դրամը, մոտ 40 % -ը նվազեցվել է աշխատանքի վարձատրության գծով հատկացումներից։
Միաժամանակ, ընթացիկ տարվա տվյալ հոդվածով հատկացումներն ավելացվել է Երևան քաղաքում (2021թ․-ի հուլիսից) և Շիրակի, Լոռու մարզերում (ընթացիկ տարվա ապրիլից) նոր պարեկային ծառայության ձևավորման նպատակով կատարված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կրճատված և նոր սահմանված ստորաբաժանումների ծառայողների (աշխատողների) աշխատանքի վարձատրության տարեկան ֆոնդերի դրական տարբերության չափով։ Այդուհանդերձ, առկա հատկացումները, պայմանավորված անձնակազմի ներկայիս փաստացի թվաքանակով, բավարար չեն 2019-2021 թթ․-ին ըստ առանձին պաշտոնների խմբերի տարեկան հաշվարկով ձևավորված անվանական աշխատավարձերի չափերի պահպանմանը։ Այլ հավասար պայմաններում ստեղծված իրավիճակը կհանգեցնի տարեկան հաշվարկով անվանական աշխատավարձերի չափերի նվազեցմանը, որը թույլ չտալու համար առաջարկվում է լրացուցիչ հատկացնել 1.980,0 մլն․ դրամ»: