Կենտրոնական բանկը շահագրգռված է, որ դոլարի փոխարժեքն ավելի իջնի. այս մեխանիզմով փորձում են զսպել ահագնացող գնաճը. տնտեսագետ
Համաշխարհային շուկա իր ապրանքատեսակների արտահանումը խրախուսելու համար՝ ԱՄՆ-ն էժան դոլարի քաղաքականություն է վարում։ ԱՄՆ-ն մեծ քանակությամբ դոլար է տպում ու բաց թողնում տնտեսության մեջ, որն, իր հերթին, հանգեցնում է դոլարի արժեզրկմանը։ Այս մասին «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով դոլարի կուրսի վերջին տատանումներին եւ դրա հնարավոր վտանգներին։
Միաժամանակ փորձագետն արձանագրել է, որ Հայաստանում դոլարի կուրսի տատանումների, մասնավորապես, վերջին արժեզրկումների պատճառները տարբեր են։ Նախ և առաջ փաստենք, որ մարտ-ապրիլ ամիսներին, Հայաստանում աննախադեպ խոշոր՝ 50 մլն. դոլարի չափով գործարք է կատարվել՝ դրամ է գնվել, որի արդյունքում, ձնագնդի էֆեկտով, դոլարի կուրսի տատանումները մեծանալով հասել են մինչև այսօր։ Ըստ էության, սա կտրուկ հարված է եղել փոխարժեքին, և հատկանշական է, որ վերոհիշյալ գործարքի մասին որևէ տեսակի ինֆորմացիա չկա, գաղտնի է, բացառությամբ միայն այն, որ դա տեղի է ունեցել ինչ -որ անհատի կողմից»։
Բացի այդ, տնտեսագետի խոսքերով, վերջին չորս ամսվա ընթացքում՝ նախորդ տարվա համեմատ, ավելացել են ՀՀ-ի արտահանման ծավալները, հիմնականում, պայմանավորված մետաղների գներով. «ՀՀ-ն մեծ ծավալներով մետաղ է արտահանում՝ պղինձ, մոլիբդեն, ոսկի, որի արդյունքում, մեծ չափով դոլար է մտնում Հայաստան, և մենք ունենում ենք ավելցուկ, որի հաշվին էլ՝ դոլարն արժեզրկվում է։ Դոլարի արժեզրկման հաջորդ պատճառը Ուկրաինայում ծավալվող իրադարձություններն են, որի արդյունքում, մեծ թվով ռուսներ են ժամանել Հայաստան, իրենց հետ բերելով մեծ քանակությամբ դոլար։ Պաշտոնական վիճակագրությամբ, միայն ապրիլ ամսին, ֆիզիկական անձանցից, մոտ, 320 մլն. դոլարի տրանսֆերտ է մտել Հայաստան, որից 200 մլն.-ը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներն են։ Այսինքն, անցյալ տարվա ապրիլ ամսվա համար այս թիվը կրկնակի աճել է»,- ասում է Սուրեն Պարսյանը։
Կենտրոնական բանկը, ըստ բանախոսի փոխանցած տեղեկատվության, 2022 թվականի մարտի 15-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման որոշում է ընդունել՝ 8 տոկոսից հասցնելով 9.25 տոկոսի, որի արդյունքում, ներքին շուկայում թանկացել է դրամը։ Բացի այդ, ըստ վերջինիս, ներքին շուկայում նկատելիորեն նվազել է դոլարի նկատմամբ պահանջարկը. «Սովորաբար, մենք Ռուսաստանից մոտ 1 մլրդ. դոլարի չափով էներգակիրներ ենք ներկրում։ Նախկինում դրանց դիմաց վճարում էինք դոլարով, հիմա մենք ռուբլով ենք վճարում։ Այսինքն, նախկինում գումարը գանձող մարմինը մեզանից դրամը վերցնում էր, դոլարի էր վերածում և փոխանցում ՌԴ-ին, հիմա ռուբլի է փոխանցում Ռուսաստանի Դաշնություն, հետևաբար, պահանջարկը՝ դոլարի նկատմամբ, նվազում է, ինչը հանգեցնում է դրա ավելցուկի»։
Դոլարի կուրսի տատանումների հիմնական պատճառը, ըստ Սուրեն Պարսյանի, Կենտրոնական բանկի վարած քաղաքականությունն է, այն է՝ Կենտրոնական բանկը շահագրգռված է, որպեսզի դոլարի փոխարժեքն էլ ավելի իջնի։ Այս մեխանիզմով, կառույցը փորձում է զսպել ահագնացող գնաճը։ Կենտրոնական բանկի հիմնական նպատակը գների կայունության ապահովումն է, ասում է Սուրեն Պարսյանը և հավելում. «Կենտրոնական բանկն իր առջև դրել է 5.5 -4 տոկոս, գումարած հանած, 1.5 տոկոս գնաճ։ Հունվար – մայիս ամիսների ընթացքում մենք ունեցել ենք 7.7 տոկոս գնաճ, այսինքն, 2.2 տոկոսով ավելի շատ, քան նպատակադրել էր Կենտրոնական բանկը։ Սրան պետք է գումարենք նաև այն հանգամանքը, որ համաշխարհային շուկայում 20 -30 տոկոսով թանկացել են պարենի գները։ Հետևաբար, եթե դոլարի փոխարժեքը չիջներ, ապա մեր շուկայում, օրինակ, ալյուրը կթանկանար ոչ թե 10, այլ 20 դրամով»,- ասում է տնտեսագետը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։