Մեր ժողովուրդն այս տարի ավելի է աղքատանալու. Սուրեն Պարսյան․ Panorama.am

Մեր ժողովուրդն այս տարի ավելի է աղքատանալու. Սուրեն Պարսյան․ Panorama.am

Վերջին ամիսներին զգալի թանկացել են պարենային հիմնական ապրանքները։ Քաղաքացիներն ահազանգում են, որ Հայաստանում թանկացումները գնալով ահռելի չափեր են ստանում: Հատկապես թանկանում են առաջին անհրաժեշտության մթերքները, իսկ թոշակների, աշխատավարձերի բարձրացման մասին խոսք չկա։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս տարվա համար կանխատեսվում է պարենային մթերքների աննախադեպ բարձր գնաճ՝ հաշվի առնելով այն, որ 2021 թվականը գյուղատնտեսության ոլորտի համար եղել է անկումային տարի, դրան գումարած ռուս-ուկրաինական հակամարտությունը, ինչի արդյունքում համաշխարհային շուկայում՝ մասնավորապես պարենային մթերքների մասով, գները զգալի բարձրացել են։ 

Ըստ նրա՝ Ռուսաստանն ու Ուկրաինան պարեն արտահանող խոշորագույն երկրների շարքում են, մասնավորապես՝ ցորեն, եգիպտացորեն, բուսական յուղ և այլն, ուստի այդ երկրներից պարենի արտահանման կրճատումը համաշխարհային շուկայում հանգեցրել է գնաճի։ Նա չբացառեց, որ ամբողջ տարվա ընթացքում համաշխարհային շուկայում ավելի մեծ գնաճ կարձանագրվի։

Հայաստանը ևս պարենամթերքը հիմնականում ներկրում է Ռուսաստանից։ Տնտեսագետի խոսքով՝ ՌԴ-ն այսօր սահմանափակումներ է մտցրել մի շարք երկրների նկատմամբ պարենի արտահանման մասով,  սակայն Հայաստանը դեռևս կարող է մթերք ներկրել ՌԴ-ից, բայց պարտադրված է լինելու դրա դիմաց ավելի բարձր գին վճարել։

«Զարգացած երկրներն ու դրանց հասարակություններն ի վիճակի են պարենի համար շատ վճարել՝ հրաժարվելով իրենց մյուս հաճույքներից, զվարճանքից, ոչ առաջին անհրաժեշտության ապրանքներից և կկարողանան գնել պարեն, իսկ զարգացող կամ աղքատ երկրների դեպքում, որտեղ հասարակության մեծ մասը եկամուտը ծախսում է պարեն ձեռք բերելու համար, բնականաբար, այդ  իրավիճակում խորանում է աղքատությունը։

Այսինքն՝ մարդիկ, որոնք իրենց եկամուտի 60-70%-ը ծախսում են պարենի համար, հիմա պարտադրված են լինելու էլ ավելի շատ գումար հատկացնել։ Բնականաբար, չունեն այդ խնայողությունը, որի հաշվին կկարողանան լրացուցիչ ծախսերը կատարել։ Եւ մեր հասարակությունն ինչպես 2021թ-ին, այնպես է 2022 թ-ի ընթացքում, էլ ավելի է աղքատանալու։ Թոշակները, աշխատավարձերը չեն ավելանում, ուստի խնդիրներն ավելի են սրվելու»,- ընդգծեց Սուրեն Պարսյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։