Ծրագրում ևս 6 քաղաքում «Մանթաշյանց» գործարարների միության մասնաճյուղեր հիմնելն է․ կայացավ միության հերթական business weekend-ը (լուսանկարներ)

Ծրագրում ևս 6 քաղաքում «Մանթաշյանց» գործարարների միության մասնաճյուղեր հիմնելն է․ կայացավ միության հերթական business weekend-ը (լուսանկարներ)

Մեր նպատակն է, որ միության յուրաքանչյուր հաջորդ հավաք նախորդից ավելի լավը լինի՝ ավելի հետաքրքիր, առավել օգտակար կապերի, համագործակցության, հետագա շփումների  առումով։ «Մանթաշյանց» գործարարների միության այս՝ 13-րդ հավաքը, աննախադեպ էր մասնակիցների քանակի առումով՝ շուրջ 260 մարդ՝  մեծամասամբ գործարարներ։ Մյուս հավաքն արդեն շատ ավելի մարդաշատ կլինի, քանի որ մեր շարքերն ընդլայնվում են։
Այս մասին միության հերթական՝ 13-րդ business weekend-ի շրջանակներում ասաց միության համահիմնադիր Վահրամ Միրաքյանը՝ ամփոփելով նախորդ ամիսների ընթացքում իրենց կատարած աշխատանքներն ու ապագայի ծրագրերը և նպատակները։

Վերջինիս դիտարկմամբ, հարյուրավոր օրինակներ կան, թե ինչպես են ակումբականները միմյանց հետ համագործակցելու արդյունքում մի քանի անգամ բազմապատկել իրենց բիզնեսի շրջանառությունը։ Անդամակցելով «Մանթաշյանցին»՝ գործարարները ստանում են նոր համագործակցություններ, ձեռք բերում նոր ընկերներ, գործընկերային հարաբերություններ հաստատում։ Դառնալով նմանատիպ ակումբի անդամ՝ գործարարները, Միրաքյանի խոսքով,  միանգամից մուտք են գործում ոլորտային մեծ համայնք և մի քանի անգամ մեծացնում բիզնեսի արդյունավետությունը։

«Մոտ ապագայում ծրագրում ենք ևս 6 քաղաքներում «Մանթաշյանց» գործարարների միության մասնաճյուղեր հիմնել։ Նպատակ ունենք յուրաքանչյուր տարվա ամռանը միության անդամ գործարաների մասնակցությամբ հավաքներ իրականացնել Հայաստանում։ Այս տարի պլանավորում ենք առաջին անգամ կյանքի կոչել գաղափարը․ հավաք կազմակերպել ամբողջ աշխարհի ակումբական գործարարների մասնակցությամբ։ Շուրջ մեկ շաբաթ գործարարները կծանոթանան ինչպես միմյանց հետ, այնպես էլ Հայաստանին, շփումներ ունենան իշխանության ոլորտային ներկայացուցիչների հետ, ակումբական գործարարների հետ։ Արդյունքում կուժեղանա Հայաստան-Սփյուռք գործարար կապը, կձևավորվեն նաև անձնական, ավելի էմոցիոնալ կապեր միմյանց միջև։ Բացի այդ համաշխարհային մակարդակով հայ գործարարների հավաք կդառնա, որը համագործակցության լավ հնարավորություն կտա»,- նկատեց Միրաքյանը։

«Սյուռքը հիասթափված է Հայաստանի Հանրապետություն պրոեկտից։ Ցավոք սրտի, Սփյուռքի հանդեպ ունենք շատ սպառողական մոտեցում, իրենց էմոցիոնալ կապվածությունը հայրենիքի հետ օգտագործում ենք ու անընդհատ ինչ-որ բան ենք ուզում։ Ցանկացած վերաբերմունք ձևավորվում է հպման կետերի միջոցով։ Օրինակ, մենք շփվում ենք X ընկերության աշխատակցի հետ, ով տվյալ պարագայում մեր հպման կետն է, ում միջոցով մենք կարծիք ենք կազմում այդ կազմակերպության մասին։ Գուցե այդ ընկերության հիմնադիրը բավականին դրական անձնավորություն է, սակայն աշխատակիցը վատ է սպասարկում ու արդյունքում վատ կարծիք է ձևավորվում ընկերության մասին։ Մոտավորապես նույնն էլ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում է։ ՀՀ-ն ևս Սփյուռքի հետ ունի հպման կետեր։ Երբ տեսնում ենք, թե ինչ հպման կետերով ենք Սփյուռքի հետ առնչվում, հասկանալի է դառնում այդ հիասթափության պատճառը։ Մենք միշտ ուզում ենք, ու հիմնականում գումար։ Այսինչ, օգնության կարգախոսով չպետք է գնալ Սփյուռքի մոտ։

Եթե մարդը հիասթափվել է, վստահության վերականգնումը շատ բարդ ու երկարատև կլինի։ Բավական ծանր աշխատանք է, բայց պետք է անել»,- նկատում է Միրաքյանը։

Հիշեցնենք, որ միության հերթական business weekend-ը տեղի ունեցավ ապրիիլի 9-10-ին։ Միջոցառման ընթացքում բացի միության հետագա ծրագրերից, նոր գործառույթների ու գաղափարների ներկայացումից, ներկայացվեցին նաև միության նոր անդամները՝ հակիրճ պատմելով իրենց ծավալած գործունեության մասին։ Միջոցառման  հատուկ հյուրը Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էր, ում իրենց հուզող հարցերն ուղղեցին ակումբական գործարարները՝ ձեռքբերելով հետագա համագործակցություն պայմանավորվածություն։