Բա հենց տենց էլ պետք է լինի․ հացը տարբեր խանութներում տարբեր գնով պետք է վաճառել․ Գեղամ Գևորգյան
Կարագի ու ձեթի գներն իջել են, հնդկաձավարի գինը բարձրացել է, քանի որ պաշարի խնդիր կա ամբողջ աշխարհում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ խոսելով գնաճի մասին։
«Երբ շաքարի գինը բարձրանում է, մենք նայում, տեսնում ենք շաքար ներմուծող և արտադրող ընկերություններն արդյոք գնի բարձրացումը կատարում են համահունչ տնտեսական պայմաններին: Այսինքն արդյոք, եթե ձեռքբերման գինը բարձրացել է իքս, Հայաստանում նույն տրամաբանությամբ է բարձրանում շաքարի գինը։ Եվ այն պնդումը, թե աշխարհում գներն իջնում են, իսկ Հայաստանում՝ ոչ, չի համապատասխանում իրականությանը»:
Անդրադառնալով հացի գնի կամայական բարձրացման, երբ խանութներում տարբեր գներով է վաճառվում հացը, Գևորյանն ասաց․ «Բա հենց տենց էլ պետք է լինի․ հացը տարբեր խանութներում տարբեր գնով պետք է վաճառել։ Դա նորմալ ա, դա տնտեսական մրցակցություն է։ Ուզո՞ւմ եք ամբողջ հանրապետությունում նույն գինը լինի։ Տարբեր վարսավիրանոցներում էլ տարբեր գներ են»։