Ունենք սերմի դեֆիցիտ․ չկա գարնանացան․ Հարություն Մնացականյան
Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից, ռուսական կողմից ներդրված էմբարգոյից, Լարսի ճանապարհի փակվելուց հետո ՀՀ-ում խուճապ առաջ եկավ, բավականաչափ բարձրացան հացահատիկային մշակաբույսերի գները։ Այս մասին այսօր տեղի ունեցող «Հայկական օրակարգ. տնտեսական ռիսկեր. կյանքի դժվարացում» թեմայով պանելային քննարկման ընթացքում ասաց Հարություն Մնացականյանը։
«Իշխանությունն ասում էր, որ հացի խնդիր չի լինի, ալյուր կլինի, բայց միայն հացի խնդիր լուծելով չէ։ Պետությունը կա՛մ հարկադրական մեթոդներով գնաճ չթույլատրեր, քանի որ տնտեսավարողների մոտ առկա ապրանքը գնված է եղել հին գնով, թանկ գնով չեն ներմուծել, կա՛մ գոնե պետք է անասնապահներին ու թռչնաբույծներին սուբսիդիաներ տրվեին, քանի որ կերի պակասի հետևանքով վերջիններս մասսայաբար մորթում են իրենց կենդանիներին, իսկ խոշոր եղջերավոր կենդանիների խմբաքանակի վերականգնումը երկարաժամկետ պրոցես է։ Հայաստանում այսօր սերմի մեծաքանակ դեֆիցիտ ունենք, չկա գարնանացան գարու, ցորենի սերմ։ Այս խնդիրն ավելի կխորանա, եթե պատերազմը մինչև մայիսի վերջ ձգվի։ Եթե պատերազմը երկարաձգվի, ապա գունենանք նաև ձեթի գնաճ, քանի որ ձեթի արտադրությամբ Ուկրաինան առաջատար դիրքերում է և Եվրոպայի ամենամեծ մատակարարներից է»,- նշեց Մնացականյանը։