Նվազագույն աշխատավարձը չի բարձրանա
ՀՀ ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը 68 հազարից բարձրացնել՝ դարձնելով 80 հազար դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Վարդանյանը հիշեցրեց, որ «Հայաստան» խմբակցությունը մեկ անգամ ևս առաջարկել էր նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացում, սակայն առաջինը լիագումար նիստերի օրակարգում չի ընդգրկվել, հանձնաժողովում ստացել էր բացասական եզրակացություն:
«Նախագիծը լրամշակվել է: Ներկայացված նախագծով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը սահմանել 80 հազար դրամ: Փոփոխություններ են կատարվում նաև ժամավարձով վարձատրվող աշխատակիցների համար, փոփոխվում են ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը»,-ասաց Վարդանյանը՝ առաջարկելով, որ կարգավորումը ուժի մեջ մտնի 2023-ի հունվարից:
Ըստ Վարդանյանի՝ առկա հնարավոր ռիսկերը հակակշռվում են բազմաթիվ այլ դրական փոփոխություններով: