Ֆրիլանսերների համար ստեղծում ենք պայմաններ, որպեսզի չգրանցված լինելն ավելի ձեռնտու չլինի, քան գրանցված լինելը․ Ռուստամ Բադասյան

Ֆրիլանսերների համար ստեղծում ենք պայմաններ, որպեսզի չգրանցված լինելն ավելի ձեռնտու չլինի, քան  գրանցված լինելը․ Ռուստամ Բադասյան

Եթե ՏՏ ոլորտի կազմակերպությունները բարելավեն որոշակի պայմաններ, ապա ՊԵԿ-ը կվերադարձնի նոր ստեղծված աշխատատեղերի համար վճարված եկամտահարկի 50 տոկոսը։ Այս մասին այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով նախագիծը։

«Նախագիծն ունի երկու նպատակ։ Ունենք ֆրիլանսերների մեծ խումբ, որոնք գործում են ստվերում, այսինքն, տնային պայմաններում տարբեր պայմանագրերով աշխատում են դրսի կազմակերպությունների կամ դրսի պատվիրատուների հետ և ստվերում են գտնվում։ Մենք այնպիսի պայմաններ ենք առաջարկում, որպեսզի գրանցված լինելու դեպքում օգտվեն պետական սոցիալական կրեդիտներից և չգրանցված լինելը ավելի ձեռնտու չլինի, քան գրանցված լինելը։ Երկրորդ՝ տարբեր երկրներ պայքարում են բարձր որակավորմամբ ՏՏ մասնագետներին երկրի ներսում պահպանելու համար, այստեղ մեծ մրցակցություն կա։ Տարբեր արտոնություններ կան թե՛ եվրոպական երկրներում, թե՛ ԱՊՀ: Մենք ուզում ենք այնպես անել, որ հայկական IT ընկերությունները մրցունակ լինեն շուկայում»,- ասաց Բադասյանը։

Ըստ նախագծի՝ պետական աջակցությունը տրամադրվելու է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, որոնք միաժամանակ բավարարում են մի շարք պայմանների, որոնցից է, օրինակ, հետևյալը՝ պետական աջակցության տրամադրման համապատասխան ամսվա՝ աշխատանքային և աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերով ներգրավված աշխատողների թվաքանակը ավելացել է առնվազն 50-ով՝ 2022 թվականի մարտի 1-ի դրությամբ հաշվառված տվյալներով տվյալ շահառուի աշխատողների թվաքանակի համեմատ։