Կոչ եմ անում գյուղացիներին մաքսիմալ մշակել իրենց հողերը․ սննդամթերքի գներն աճելու են․ նախարար
Կոչ եմ անում բոլոր գյուղացիներին մաքսիմալ մշակել իրենց հողերը, որովհետև այս տարի ակնկալվում են պարենային անվտանգության լուրջ մարտահրավերներ, մյուս կողմից էլ տեսնում ենք, որ սննդամթերքի գներն աճելու են, և գյուղատնտեսությունը դառնալու է ավելի հրապուրիչ: Այն, ինչը 1-2 տարի առաջ այնքան էլ ձեռնտու չէր, այս տարի ավելի գրավիչ է դառնալու: Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Վերջին երկու տարիներին «գնաճային երկրաշարժեր» են տեղի ունենում անընդհատ: Առաջինը քովիդն էր, երկրորդը աշխարհաքաղաքական զարգացումներն են, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները: Այս առումով լավատեսական ոչինչ առջևում չի սպասվում։ Բայց մյուս կողմից, եթե փորձենք լավատեսական բան գտնել, ինչը շատ դժվար է, աճելու են գյուղատնտեսական արտադրանքի գները, և այդ առումով չմշակվող հողերի մշակման շահութաբերություն կարող է գոյանալ, որը նախկինում գոյություն չուներ», - ասաց վարչապետը։