Մենք մեր հողի լեզուն պետք է հասկանանք, իսկ հողի լեզուն լավագույնս հասկանալու մեկ տարբերակ կա` կարդալ ու հասկանալ Թումանյանին․ Գագիկ Ասատրյան
Գագիկ Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 153-ամյակը՝ գրելով՝
Իմ երկիր դրախտավայրի մի փոքրիկ կտորն է` Դսեղի Ծովերը։ Այնտեղ եղած ժամանակ եմ ես միայն զգացել ու հասկացել` մայր բնության ու մարդու ներդաշնակությունն ինչ բան է, հանգստությունն ու իսկական իմաստությունները որտեղ են թաքնված։ Տեղացի անտառապահը մեզ ասաց, որ Թիֆլիսից գալով` Թումանյանն այստեղ է եկել ու օրերով չի իջել գյուղ, մնացել է այստեղ ու իր սնունդն ու հագուստները գյուղից բերել են իր մոտ։ Մի քանի օր մնալով այստեղ` նա ցիվիլիզացիա մտնելուն պես գրել է իր գլուխգործոցները։
Նաև այս փոքրիկ դրախտավայրն է եղել Թումանյանի ներշնչման աղբյուրը ու, իրոք, ողջ էս հեքիաթի մեջ Թումանյանը կար, նա ներկա էր ամենուրեք` լճի բովանդակությունը, խիտ անտառները, կապույտ երկինքը, մաքուր օդը ներծծված էին Թումանյանությամբ։ Թումանյանը ինձ համար հենց այդ օրը դարձավ այն պորտալը, որով ես հասկացա, որ ցանկացած օրենք, ճշմարտություն, իմաստություն ու զորություն մայր բնությունից պետք է գա, քանի որ ես այդ ժամանակ մեկ ամբողջության մեջ դիտարկեցի այդ հրաշքը իմ աչքերի առջև և Թումանյանին` իմ ողջ բովանդակության մեջ։
Թումանյանը հայոց բնությունն է...ես դա հասկացա։ Ու ես հասկացա, որ Թումանյանն իր մեջ կրել ու մեզ է մատուցել բացարձակ այն ճշմարտությունները, որին , ցավոք, մենք այնքան էլ հաղորդ չենք։ Իսկ ինչու հաղորդ չենք, քանի որ մենք հաղորդ չենք մեր հայոց բնօրրանին։ Մենք մեր հողի լեզուն պետք է հասկանանք, իսկ հողի լեզուն լավագույնս հասկանալու մեկ տարբերակ կա` կարդալ ու հասկանալ Թումանյանին։
Հավերժական ծնունդդ շնորհավոր, ՄԵԾ։