Ե՞րբ եք հրաժարական տալու․ Արեգնազ Մանուկյանը՝ Վահան Քերոբյանին
Պարոն Քերոբյան, ինձ հետաքրքրում է, թե Դուք ինչպե՞ս եք վերաբերում այնպիսի անձնավորություններին, ովքեր մի բան խոստանում են, հետո հետ են կանգնում իրենց խոստումից։ Այսօր ԱԺ ամբիոնից էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին նման հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, ապա հավելեց, որ ուզում է մի այդպիսի մարդու խոսքեր հիշեցնել, ու միացրեց Վահան Քերոբյանի հարցազրույցներից մեկի ձայնագրությունը, որտեղ վերջինս ասում է.
«Ինչ վերաբերում է հաջորդ տարվան, ապա ինձ չեմ ների, եթե երկնիշ տնտեսական աճ չստացվի»: Լրագրողի հարցին՝ ի՞նչ եք անելու, եթե երկնիշ տնտեսական աճ չապահովվի, Քերոբյանն ասաց. «Հրաժարական եմ տալու»:
Ապա Արեգնազ Մանուկյանը նշեց․
«Պարոն Քերոբյան, այս մարդը խոստանում էր, որ եթե 2021 թվականին երկնիշ տնտեսական աճ չապահովվի, ապա ինքը հրաժարական է տալու: Երկնիշ աճ՝ ապահովեց, բայց առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքատեսակների մասով, երկնիշ տնտեսական աճ չապահովեց, բայց այս մարդը, ով խոստանում էր հրաժարական կտա այդ դեպքում, հրաժարական չտվեց։ Ինձ հետաքրքրում է՝ ինչպե՞ս եք վերաբերում այս անձին, և ուշադրություն, հարց՝ ե՞րբ եք հրաժարական տալու։ Այսպիսի վարքով Դուք տեր չեք կանգնում Ձեր խոսքին»: