Գազի գնի փոփոխվող լինելը տնտեսությունը լուրջ խնդրի առջև կկանգնեցնի․ Զավեն Խուկեյան

Գազի գնի փոփոխվող լինելը տնտեսությունը լուրջ խնդրի առջև կկանգնեցնի․ Զավեն Խուկեյան

Տնտեսագետ Զավեն Խուկեյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

 

«ՀԿԾՀ-ն այսօր հայտարարություն է տարածել, որ ապրիլի 1-ից ՀՀ ներմուծվող գազի գինը սահմանին կորոշվի ջերմունակությունից կախված, այսինքն կլինի փոփոխվող: ՀՀ-ն ՌԴ-ի հետ գազի գնի վերաբերյալ բանակցությունների ողջ պատմության ընթացքում կարողացել է պահպանել սահմանին գազի հաստատված սակագինը:

 
Գազի գնի սակագնի որոշումը ըստ ջերմունակության ինքին խնդիրներ է առաջացնելու դրա մատակարարման համար, քանի որ չի կարող սպառողների համար ևս լինի փոփոխվող սակագին:
 
Սպառողների համար հաստատված սակագնի համար մատակարար կազմակերպությունը պետք է կարողանա կանխատեսման հաշվին սահմանել հաստատված սակագին, բայց հաշվի առնելով , որ սահմանին գազի սակագինը փոփոխվող է, հավանական կորուստներից խուսափելու և ռիսկերը նվազեցնելու համար հաստատվելու է գործողից բարձր սակագին: Ի դեպ սակագնի բարձրացման մասին նշել են նաև ՀԿԾՀ-ից, մասնավորապես շեշտելով , որ գազի սակագինը ապրիլի 1–ից կթանկանա 5%-ով:
 
Այս իրավիճակը կանգնեցնելու է մեր տնտեսությունը լուրջ խնդրի առաջ, քանի որ գյղուատնտեսական արտադրանք թողարկող ջերմոցային տնտեսությունները, որոնց արտադրանքը գերակշռում է արտահանվող ապրանքատեսակների ցանկում կունենան ինքնարժեքի աճ՝ գազի գնի թանկացման գծով, սա կթուլացնի մեր մրցակցային դիրքերը միջազգային շուկայում, ինչը դարձյալ կազդի արտահանում ներմուծում սալդոյի վրա՝ բացասական կերպով, շղթայական կերպով բերելով արտարժույթի փոխարժեքի աճի, դրամի արժեզրկման և երկրում գնաճի տեմպերի բարձրացման:
 
Ողջ տնտեսական գործակցության ընթացքում նման ծայրահեղ վիճակ չի եղել ՀՀ-ՌԴ հարաբերություններում գազամատակարարման հետ կապված: Սա խոսում է մինչ այս կուտակած ողջ ռազմավարական և քաղաքական կապիտալի ոչնչացման մասին»: