Տեր Արտաշես Հակոբյանը հորդորում է իրեն չշփոթել տիրադավներին միացած անվանակցի հետ

Տեր Արտաշես Հակոբյանը հորդորում է իրեն չշփոթել տիրադավներին միացած անվանակցի հետ

Ուկրաինայի Հայոց թեմում հոգևոր ծառայություն իրականացնող Տեր Արտաշես Հակոբյանը հորդորում է իրեն չշփոթել տիրադավներին միացած անվանակցի՝ Մասյացոտնի թեմից Տեր Արտաշես Հակոբյանի հետ.

«Այսօր մամուլում և սոցիալական հարթակներում տարածվում է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն, ըստ որի ես իբր միացել եմ «եկեղեցու բարեկարգման» նախաձեռնությանը։ Տարածվող նյութերում այդ լուրերը ուղեկցվում են իմ լուսանկարներով,  ինչը մարդկանց մոտ ստեղծել է թյուր տպավորություն և արդարացի դժգոհություն։

Իրականում տվյալ նախաձեռնությանը միացած է այլ հոգևորական՝  նույն անուն-ազգանունը կրող մեկ այլ Տեր Արտաշես, սակայն լրատվական որոշ հարթակներ դիտավորյալ կամ անփութությամբ օգտագործել են իմ լուսանկարները՝ դրանով իսկ մոլորեցնելով հանրությանը։

Կրկին և հստակ արձանագրում եմ․ ես չեմ կարող միանալ որևէ նախաձեռնության կամ ծրագրի, որը իր էությամբ ուղղված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակազրկմանը, խաթարմանը կամ տապալմանը, անկախ նրանից՝ ինչ անվան տակ է այն ներկայացվում։

Կարևոր եմ համարում նշել, որ «եկեղեցու բարեկարգման» նախաձեռնության շրջանակում հնչող բազմաթիվ հայտարարություններ և քննադատություններ կրում են բամբասանքի և ընդհանրացումների բնույթ՝ առանց հստակ, ճշգրիտ և հիմնավոր ապացույցների։

Միաժամանակ անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ մեր Հայրապետը հավատացյալ, հայրենասեր և Եկեղեցուն ու ազգին նվիրված անձ է, և նրա նկատմամբ հնչող չհիմնավորված մեղադրանքները կապ չունեն իրականության հետ։ Ես անձամբ պատիվ եմ ունեցել չորս տարի ծառայել նրա անմիջական տնօրինության ներքո:

Խորապես ցավում եմ, որ այս կեղծ հրապարակումների հետևանքով շատ ընկերներ և հավատացյալներ նեղացել են ինձանից։ Այս գրառմամբ ցանկանում եմ նաև նրանց վստահեցնել, որ ոչ մի առիթ չկա կասկածի կամ տարակուսանքի։

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մտահոգվել են, կապ են հաստատել և փորձել պարզել ճշմարտությունը»։