Եկեղեցու բանալին չե՞ս փոխել. քահանա չես, գոնե տղամարդ եղիր, ասա արել եմ, ոչ թե վախկոտի պես ժխտիր․ Սամվել դպիր Գրիգորյանը դիմել է Ստեփան Ասատրյանին
                    Սամվել դպիր Գրիգորյանը դիմել է Ստեփան Ասատրյանին.
«Լսիր այ բանսարկու ստախոս, ուշադիր ականջ դիր.
1) Եկեղեցու բանալին չե՞ս փոխել: Քահանա չես, գոնե տղամարդ եղիր, ասա արել եմ, ոչ թե վախկոտի պես ժխտիր:
2) Քեզ Եկեղեցին է կարգալույծ արել եկեղեցական իշխանությամբ, որն ի վերուստ տրված է իրեն Աստծո կողմից: Քրիստոս է Գլուխ Եկեղեցու, իսկ Եկեղեցին` Մարմինը Քրիստոսի:
3) Դու քո ներկայությամբ ու ծեսերի իմիտացիայով նմանվում ես կրկեսի աշխատողի. ծափեր, դերակատարություն, բեմադրություն…
4) Կիրակի քո կատարմամբ տեսանք քծնանք, երեսպաշտություն, ցուցադրական աղոթք, շուրջդ` հակառակության ոգի, մոլորված մարդիկ:
Իսկ ու՞ր էր Աստված: Պատասխանեմ.
Քրիստոս Աստված պատարագվում էր Հայ Առաքելական Սուրբ Ուղղափառ եկեղեցիներում և բախշվում Իր հավատավոր զավակների մեջ` նրանց մեղքերի քավության և թողության համար, հոգու, մտքի և մարմնի բժշկության համար: Փա՜ռք Աստծո, Իր անսահման ողորմության ու գթառատության համար:
5) Կրկին, մտքումդ պահիր. «Քահանայական շնորհը մշտամնա է, եթե հոգեւորականն իր կարգի մեջ է: Կարգից լուծարումը վերաբերում է նաեւ օծումից լուծարելուն» (Հովհաննես Արճիշեցի): Դու քեզ պատկերացնում ես ինքնաբուխ շնորհի աղբյու՞ր: Դա հերետիկոսություն է:
6) Հովհաննավանքը հորիցդ ժառանգություն չես ստացել, որ միշտ այդտեղ քեզ պատկերացնես: Դու ինքնիրավչությամբ ես զբաղվում ու քեզ թվում է թե պատասխանատվության պահը չի՞ գալու:
7) Թող մարդիկ լսեն Աստվածաշնչի զգուշացնումը. «Հեռացի՛ր հերձուածող մարդուց՝ մէկ կամ երկու անգամ նրան խրատելուց յետոյ. իմացի՛ր, որ շեղուած է այդպիսին եւ մեղանչում է՝ ինքն իսկ դատապարտելով իրեն» (Տիտոս 3:10-11):
8)Մկրտությունը վկայականով չի վավերական դառնում: Դու Եկեղեցուց կտրվելով, զրկվել ես քահանայական շնորհներից ու քո կատարածը առոչինչ է, չկա այդտեղ Սուրբ Հոգու ներգործություն, աստվածային դրոշմ, մկրտություն, այլ պարզ լվացվել:
Անգամ մեռոնը քսելով բացի այն մարմնին հպվելուց ոչ մի խորհուրդ չի կատարվում: Բավական է խաբես ու մոլորեցնես մարդկանց:
9) Պսակը քո տեսանելի կերպով արածը չէ, այլ դարձյալ խորհուրդ է, որը քո ձեռամբ չի կատարվում այլևս: Երկնքում այդ զույգի միություն չի արձանագրվում:
10) Առ այսօր չե՞ս հասկացել, որ վկայականը թղթի գինը չէ, այլ եկեղեցուն աջակցելու ձև, որով գոյատևում է մեր Եկեղեցին: Դու հանգանակությունը ու վաճառքի տարբերությունը չե՞ս գիտակցում, թե՞ միտումնավոր մանիպուլացնում ես անտեղյակ մարդկանց: Ծառայակից քահանաներից մեկի վկայությամբ դու վերջին ժամանակներում ծեսերից գումար չես վերցրել տեղացիներից, իսկ ինչո՞վ ես ընտանիքիդ կարիքները հոգացել:
11) Հայր Շնորհքը աստվածահաճո հոգևորական է ու առաջնորդվում է Տիրոջ կամքով, ոչ թե քո պես պոպուլիստական լոզունգներով: Ժողովրդի անունից բավական է խոսես, գնա Հայ Առաքելական ցանկացած եկեղեցի ու իմացիր ժողովրդի կարծիքը քո մասին: Զգուշացիր. «Տէրն ընդունում է հեզերին,եւ մինչեւ գետին խոնարհեցնում ամբարտաւաններին» (Սաղմ. 146:6):