44-օրյայի զեկույցը ստացել է գաղտնիության «Հույժ գաղտնի» աստիճան. Սիվիլնեթ

2020-ի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կուղարկվի Ազգային ժողովի առաջին բաժին, որի գործառույթների մեջ է մտնում ԱԺ-ում պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանությունը, գաղտնիության ռեժիմի ապահովումը, գաղտնի փաստաթղթերի հաշվառումը, արխիվացումը և այլն։ Այս մասին հոկտեմբերի 6-ին լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղարը՝ նշելով, որ զեկույցին կարող են ծանոթանալ միայն այն պատգամավորները, որոնք ունեն համապատասխան գաղտնիության թույլտվություն։
Թեև 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պարբերաբար հայտարարել է, որ զեկույցը պետք է ներկայացվի ԱԺ լիագումար նիստերին, սակայն պարզվում է՝ զեկույցը լիագումար նստաշրջան մտցնելու իրավական հիմքեր չկան, քանի որ ժամկետներն ավարտվել են,- գրում է «Civilnet»-ը։
Ստացվում է, որ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը սպառվել է 2023-ի հոկտեմբեր-նոյեմբերին՝ դեռ երկու տարի առաջ, սակայն զեկույցը ներկայացվել է ԱԺ նախագահին վերջերս։
Այնուամենայնիվ, Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, թե տեղի են ունենալու փակ լսումներ, և զեկույցը ներկայացվելու է այդ ձևաչափով։ Սակայն զեկույցը չքննարկվեց ո՛չ լիագումար, ո՛չ փակ նիստում, ո՛չ էլ հանրային լսումների ձևաչափով։ Փոխարենը՝ զեկույցն ուղարկվել է խորհրդարանի առաջին բաժին։ Այն այժմ հասանելի է միայն այն պատգամավորներին, որոնք ունեն գաղտնիության համապատասխան թույլտվություն։