Ի՞նչ ներքաղաքական առաջնահերթություններ կարող է ունենալ Ադրբեջանը կարճաժամկետ հեռանկարում․ Արմեն Պետրոսյան
Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ի՞նչ ներքաղաքական առաջնահերթություններ կարող է ունենալ Ադրբեջանը կարճաժամկետ հեռանկարում
Ի շարունակություն նախորդ գրառման, որ վերաբերում էր արտաքին քաղաքականության ոորտում
կարճաժամկետ հեռանկարում Ադրբեջանի հնարավոր վարքագծին(գրառման հղումը՝ մեկնաբանությունների հատվածում) վերջին շրջանում ադրբեջանական քաղաքական խոսույթի ու փորձագիտական և մեդիա դաշտի անդրադարձների վերլուծության արդյունքում կարելի է կանխատեսել, որ փոփոխվող աշխարհակարգի պայմաններում՝ կարճաժամկետ հեռանկարում Ադրբեջանը պատրաստվում է.
Սոցիալ-տնտեսական իրավիճակի էական բարելավմանը միտված փուլային քաղաքականության իրականացման։ Քանի որ ԼՂ հիմնախնդրի և Հայաստանի հետ հարաբերությունների ներկա իրողությունների պայմաններում բավականաչափ բարդ է լինելու սոցիալ տնտեսական առկա խնդիրների շարունակականության հիմնավորումը։
Երկրի տնտեսական զարգացմանը միտված ծրագրերը, արտաքին տնտեսական ներդրումների ներգրավումը լինելու է նաև երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից՝ Արցախի տարածքում ակտիվ շինարարական աշխատանքների իրականացման համատեքստում և դրանց զուգահեռ։
Ներքին անվտանգության ոլորտում էթնիկ խմբերի անջատողական ձգտումների կառավարումը լինելու է օրակարգային ուղղություն, որը հատկապես Ռուսաստանի և Իրանի հետ խնդրահարույց հարաբերությունների պարագայում ազդեցության կարևոր գործիք կարող է լինել Ադրբեջանի վերոնշյալ հարևանների հակաադրբեջանական քաղաքական ծրագրերում։
Գաղափարական հարթությունում շարունակվելու է ադրբեջանցիներին, որպես հաղթանակած ժողովուրդ, ներկայացնելու քարոզչական քաղաքականությունը։ Զուգահեռաբար, Հայաստանի նկատմամբ թշնամական տրամադրությունների թուլացման միտումը փոխարինվելու է այլ՝ հատկապես ռուսական և իրանական ու ուղղություններով թշնամանքի գեներացման։ Որևէ արտաքին հակառակորդի մշտական առկայությունը կարևոր ուղեգիծ է ալիևյան վարչակարգի համար՝ հասարակության ընթացքում տասնամյակներով սնուցված ատելության պարպումը ներքին դաշտից արտահանելու համար։
Աշխարհիկության ուղեգծի ամրապնդումը ևս որոշակի առաջնահերթություն է ունենալու՝ պայմանավորված «սունի-շիա» դավանաբանական արժեհամակարգերի համատեքստում Թուրքիայի, Իրանի, Սաուդյան Արաբիայի հնարավոր ազդեցությունները կառավարելու նպատակով։