Մաղթում եմ չհուսահատվես ոչ մի դժվարությունից, ապրես իբրև արժանապատիվ հայորդի. Արթուր Սարգսյանը՝ որդուն

Մաղթում եմ չհուսահատվես ոչ մի դժվարությունից, ապրես իբրև արժանապատիվ հայորդի. Արթուր Սարգսյանը՝ որդուն

Այսօր ԱԺ պատգամավոր, քաղբանտարկյալ Արթուր Սարգսյանի որդու՝ Լավրենտի ծննդյան տարեդարձն է։ Արթուր Սարգսյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից շնորհավորել է նրա 15-ամյակը։

«Շնորհավոր տարեդարձդ, Լավրենտս, տղես.

15 տարի առաջ, երբ ծնվեցիր, որոշեցինք, որ դու պետք է լինես հորս՝ անվանի շինարար, հասարակական գործիչ, Սիսիանի նախկին քաղաքապետ՝ Լավրենտ Սարգսյանի անվանակիցը: Այդ պահին գիտակցում էի, որ մեծ պատասխանատվություն եմ քեզ փոխանցում: Մյուս կողմից վստահ էի, դու ցանկացած դժվարություն պատվով հաղթահարող տեսակ ես լինելու:

Լավրենտ՝ դու գիտես, որքան եմ քեզնով հպարտանում, քո արդեն ձևավորված տեսակով, գիտելիքներով՝ միշտ մարդասեր, բոլորին միշտ լավը կամեցող, Հայրենիքդ ամենից շատ սիրող իմ զավակ: Տեսակդ անհնար է փոխել, գիտեմ: Քեզ մաղթում եմ չհուսահատվես ոչ մի դժվարությունից, ուժեղ լինես միշտ, ապրես իբրև արժանապատիվ հայորդի, Սիսիանի մեր գերդաստանի թասիբով հետևորդ ու ապրես մեր երազած Հայրենիքում:

Ծնունդդ շնորհավոր, 15 տարեկան իմ ընկեր», — Վարդաշեն ՔԿՀ-ից գրել է Արթուր Սարգսյանը։