Ի՞նչ է ասել Պուտինը Փաշինյանի հետ հեռախոսազրույցում

Ի՞նչ է ասել Պուտինը Փաշինյանի հետ հեռախոսազրույցում

Ինչպես արդեն տեղեկացրե ենք, հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։

Կրեմլը հայտնում է, որ Փաշինյանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ։ Ռուսաստանի նախագահը նշել է Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղություն ապահովելուն ուղղված քայլերի կարևորությունը և հայտնել Մոսկվայի պատրաստակամությունը՝ աջակցելու այս գործընթացին։

«Վլադիմիր Պուտինը նշել է այն քայլերի կարևորությունը, որոնք նպաստում են Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղության ապահովմանը։ Հաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակի հայտնի եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան՝ նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, այդ թվում՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը», — ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Պուտինը Փաշինյանին պատմել է նաև ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ զրույցի արդյունքների և Ալյասկայում ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման նախապատրաստական աշխատանքների մասին։ Քննարկել են նաև առևտրային և ներդրումային համագործակցության, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում երկրների միջև փոխգործակցության հարցեր։