Սպիտակ Տան ազդարար. Սամվել Կարապետյանի քաղաքական հետապնդումը ստվեր է գցում Փաշինյանի` Վաշինգտոն այցի վրա
ԱՄՆ Սպիտակ տան պաշտոնյան հաստատել է Washington Reporter-ին, որ նախագահ Դոնալդ Թրամփը ապահովել է պատմական խաղաղության համաձայնագրի ստորագրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախատեսում են ուրբաթ օրը հանդիպել Թրամփի հետ՝ այս համաձայնագիրը ստորագրելու համար։
Այնուամենայնիվ, Հայաստանում տեղի ունեցող հնարավոր քաղաքական հետապնդման սկանդալը հասել է ԱՄՆ մայրաքաղաք՝ մտահոգություններ առաջացնելով ինչպես Կոնգրեսում, այնպես էլ Թրամփի վարչակազմում։ Խոսքը գործարար և բարերար Սամվել Կարապետյանի կալանավորման մասին է։
Ինչպես հայտնում է Washington Reporter-ը, ցուցարարներն արդեն հավաքվել են այն հյուրանոցի մոտ, որտեղ կանգ է առել Հայաստանի վարչապետը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ուրբաթ օրը նրանք նախատեսում են բողոքի ակցիա անցկացնել Սպիտակ տան առջև։
Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է Washington Reporter-ին. «Ակնհայտ է, որ վարչապետը Կարապետյանի դեմ կիրառում է Բայդենին բնորոշ մեթոդներ։ Նրան խուզարկել են և սկսել հետապնդել միայն իր կարծիքը արտահայտելու և իր կրոնը պաշտպանելու համար։ Այս ամենը՝ որպես ստվեր, ուղեկցում է նրան Վաշինգտոն կատարած այցի ընթացքում»:
Իր հերթին Կարապետյանի փաստաբան Ջոզեֆ Հ. Տիպոգրաֆը հայտնել է Washington Reporter-ին, որ «պարոն Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործը հիմնված չէ բռնարարքների կամ դավադրության վրա, այլ նրա խոսքերի՝ 2025 թվականի հունիսի 17-ին Հայ Առաքելական Եկեղեցու հրապարակային պաշտպանության և կառավարության գործողությունների քննադատության վրա։ Դրանից հետո վարչապետ Փաշինյանը սոցիալական ցանցերում հրապարակեց գրառումներ, որոնց հետևեցին խուզարկությունն ու ձերբակալությունը։ Հետո առաջադրվեցին մեղադրանքներ՝ սադրանքի և ֆինանսական հանցագործությունների համար, չնայած որևէ փաստական ապացույց չկար, որը կապեր նրան որևէ հանցավոր արարքի հետ»։
Կարապետյանի ձերբակալությունից ընդամենը մի քանի ժամ անց վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը պատրաստվում է ազգայնացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որը «Տաշիր» խումբը տնօրինում է 2015 թվականից։ Քննադատները, այդ թվում՝ Կարապետյանի ընտանիքը, դատական հայցով պնդում են, որ կառավարության գործողությունները «կամայական, խտրական, քաղաքականապես դրդված են և ուղղված են Կարապետյան ընտանիքին զրկելու «Հայաստանի էլեկտրական ցանցերից»։
«Այս ամբողջը հիշեցնում է Թիշ Ջեյմսի մեթոդները: Նախ սկսում ես հետապնդել ընդդիմախոսին, ինչպես դա եղավ Թրամփի դեպքում, հետո փորձում ես խլել նրա ակտիվներն ու բիզնեսը։ Ցանկացած մտածող մարդու սա կարող է մարքսիստական մոտեցում հիշեցնել»,- նշել է Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրը Washington Reporter-ի հետ զրույցում։
Մտահոգությունները հասել են նաև ԱՄՆ Կոնգրես։ Սենատորներից մեկի ավագ օգնականը հայտնել է Reporter-ին, որ «Հայաստանը մեծապես կախված է ԱՄՆ-ից։ Բայց երբ նա սկսում է իրեն ավելի շատ նմանեցնել Խորհրդային Միությանը, քան ազատ երկրի, ավելի ու ավելի շատ սենատորներ գալիս են այն եզրակացության, որ ժամանակն է վերանայել ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները»։