«Եկել եք, որոշել եք կալանավորեք, կալանավորեք, ձերը էտ ա՝ կալանավորելը, մարդուն ճնշելն ու վախեցնելը։ Մերը՝ պայքարելն է, թասիբն ու պատիվը»․ Արթուր Սարգսյան
ԱԺ արտահերթ նիստում շարունակվում է քննարկվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար միջնորդությունը։ Իր խոսքում Արթուր Սարգսյանն ասաց, որ իր համար ակնհայտ էր՝ նոյեմբերի 9-ից հետո Արցախից հետո մյուս թիրախը լինելու էր Սյունիքը։
«Եվ ես ստանձնեցի պարտավորություն՝ պայքարելու այս խայտառակ պարտվողական քաղաքականության դեմ։ Արցախյան երրորդ պատերազմի խայտառակ արդյունքներից, դիվանագիտական ձախողումներից հետո մեկնարկած բոլոր փողոցային շարժումներին եւ պայքարներին մասնակցել եմ իմ ամբողջ ներուժով։ Դրա մեջ դրել եմ իմ սիրտն ու հոգին։ Ցավն այն է, որ մեր յուրաքանչյուր պայքարի պարտության առաջին ուրախացողները եղել են օրվա իշխանությունները եւ թուրք-ադրբեջանական տանդեմը։ Դա իրենք նույնիսկ արել են հրապարակային։ Թող ես անձնապես պարտություն կրեի, բայց Արցախը լիներ հայկական, թող ես անձնապես պարտություն կրեի, բայց 100 հազարավոր մեր հայրենակիցներ իրենց հարազատի գերեզմանին գնալու հնարավորություն ունենային։ Թող ես անձնապես պարտություն կրեի, բայց հազարավոր հերոսներ ողջ լինեին։ 2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը հայտարարեց՝ Կիրանցից քայլերթով շարժվում ենք դեպի Երեւան։ Սահմանազատման եւ սահմանագծման խայտառակ միակողմանի գործընթացը, դրա դեմ ընդվզումը վերածվեց համազգային Սրբազան պայքարի։ Եվ ես այդ պայքարից եւս անմասն չմնացի։ Օրվա իշխանությունները շատ լավ են հիշում՝ 2024 թվականի մայիսի 9-ի հանրահավաքը, դա հանրահավաք էր, որից իրենց վախը հերթական անգամ դարձավ անսահման։ Ես այդ օրը գիտեի, որ իրենց վախերը հաղթահարելու համար պետք է անեն այն, ինչ անում են շուրջ 7 տարի՝ քրեական գործեր, կալանքներ։ Այս անգամ իրենք սպասեցին ավելի երկար, բայց դրանից բովանդակությունը չփոխվեց»,- ասաց Արթուր Սարգսյանը։