Դատախազներ են աշխատանքից ազատվել․ Կառավարությունը գումար կտա վերջնահաշվարկի համար

Դատախազներ են աշխատանքից ազատվել․ Կառավարությունը գումար կտա վերջնահաշվարկի համար

2024 թվականի երկրորդ և երրորդ եռամսյակի ընթացքում աշխատանքից ազատվել են դատախազությունում երկարաժամկետ աշխատած անձինք, ովքեր ժամանակին չեն օգտվել արձակուրդի իրենց իրավունքից և դրա հետևանքով բավական մեծ վերջնահաշվարկի հնարավորություն են կուտակել:

Մասնավորապես, 2024 թվականի 2-րդ և 3-րդ եռամսյակներում դատախազության կողմից վճարվել է 210 միլիոն ՀՀ դրամ վերջնահաշվարկ, ինչի հետևանքով՝ «աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ հոդվածում» առկա դրամային մնացորդը 2024 թվականի սեպտեմբերի 6-ի դրությամբ կազմում է 21 միլիոն ՀՀ դրամ, մինչդեռ առկա են եկամտային հարկի գծով մոտ 190 միլիոն ՀՀ դրամ պարտավորություններ, ինչպես նաև դեռևս չվճարված պարտավորություններ աշխատակիցներին՝ վերջնահաշվարկ և արձակուրդային վճարներ մոտ 10 միլիոն ՀՀ դրամ:

Վերջնահաշվարկների հետ կապված վերոնշյալ խնդիրներն ապագայում բացառելու նպատակով 2023 թվականից սկսած դատախազության բոլոր աշխատակիցները պարտադիր օգտվում են ամենամյա արձակուրդի իրենց իրավունքից և ստանում այդ տարվա համար նախատեսված արձակուրդային վճարները:

Մասնավորապես, 2024 թվականի 2-րդ և 3-րդ եռամսյակներում դատախազության կողմից վճարվել է շուրջ 527 միլիոն ՀՀ դրամ արձակուրդային վճար:

Այսպիսով, ՀՀ դատախազությանը հատկացվելիք գումարն անհրաժեշտ է եկամտային հարկի գծով ՀՀ դատախազության պարտավորությունները կատարելու, ինչպես նաև ՀՀ դատախազության աշխատակիցներին դեռևս չվճարված վերջնահաշվարկի և արձակուրդային վճարների գումարները փոխանցելու նպատակով:

Որոշումը այացվեց կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 3-ի նիստում։