Սասուն Խաչատրյանը՝ Սերժ Սարգսյանի գործի մասին. Ունեցել ենք այն համոզմունքը, որ տեղի է ունեցել հանցանք․ «Ազատության»

Սասուն Խաչատրյանը՝ Սերժ Սարգսյանի գործի մասին. Ունեցել ենք այն համոզմունքը, որ տեղի է ունեցել հանցանք․ «Ազատության»

«Մենք ունեցել ենք այն համոզմունքը, որ տեղի է ունեցել հանցանք», - «Ազատության» հարցին, թե համաձա՞յն է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արդարացման որոշման հետ, ասել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։ Վերջինս ավելի վաղ ղեկավարում էր Հատուկ քննչական ծառայությունը։

«Ես ղեկավարել եմ այն կառույցը, որն այդ քրեական գործն ուղարկել է դատարան, հետևաբար մենք ունեցել ենք այն համոզմունքը, որ տեղի է ունեցել հանցանք, և տվյալ անձն այդ հանցանքը գործել է», - նշել է նա։

 

Ավելի քան չորս տարվա դատավարությունից հետո դատարանն արդարացրել է Հայաստանի երրորդ նախագահին՝ հերքելով Դատախազության մեղադրանքը, թե նախագահության տարիներին Սերժ Սարգսյանը կազմակերպել է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը։

 

«Եթե չեմ սխալվում, Դատախազությունն արդեն հայտարարել է, որ բողոք է բերելու, երբ որ կլինի դատավճիռն օրինական ուժի մեջ մտած, այդ ժամանակ կխոսենք», - հավելել է Սասուն Խաչատրյանը։

Դատախազությունը պնդում էր՝ 2013 թվականին գյուղացիներին մատչելի դիզվառելիքով ապահովելու ծրագրի մրցույթում շահել էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ գործարար Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշ»-ը, որը, ի տարբերություն հայտ ներկայացրած մյուս երկու ընկերությունների, ամենաբարձր գինն էր առաջարկել։ Դատարանը, սակայն, որոշեց, որ տարիներ առաջ կատարված գործարքը եղել է օրինական։