59-ամյա տղամարդը աշակերտուհուն թմրամիջոց է հյուրասիրել, ասելով՝ «Եթե օգտագործես, գիտելիքներում առաջընթաց կունենաս»
Մայիսի 18-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժնում անչափահասների գործերով բաժանմունքում ավագ տեսուչը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ անհայտ անձը Արարատ քաղաքի դպրոցներից մեկում աշակերտուհուն թմրամիջոց է հյուրասիրել, հաղորդում է Shamshyan.com-ը:
Պարզվել է, որ ավագ տեսուչի ստացած տեղեկությունը հավաստի է, և ոստիկանները նշված արարքը կատարելու կասկածանքով Արարատ քաղաքում հայտնաբերել են կասկածյալին և նրան բերման ենթարկել ոստիկանության Արարատի բաժին:
Պարզվել է, որ նա Արարատ քաղաքի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփի բույսից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել, ասելով` «Եթե դա օգտագործես, քո համար ամեն ինչ լավ կլինի, քեզ լավ կզգաս, գիտելիքներիդ առաջադիմությունը կբարձրանա»: