Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ գործով ՔԿ-ն տեղեկություններ չի տրամադրում
Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի գործով Քննչական կոմիտեն տեղեկատվություն չի տրամադրում՝ ելնելով նախաքննության շահերից: Այս մասին Yerevan.Today-ին հայտնեց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը:
Ավելի վաղ Aravot.am-ը հայտնել էր, որ ԱԺ նախագահի եղբոր կինը ձերբակալվել է և գտնվում է Քննչական կոմիտեում:
Հարցին՝ վերջինս ձերբակալվել է ասֆալտի տենդերի հետ է կապվա՞ծ՝ Գևորգյանի փաստաբանը պատասխանել էր. «Չէ, ընդհանրապես ըտենց բանի հետ կապված չի: Կապված է իր նախկին աշխատավայրի հետ, որը ծրագրավորման ընկերություն է, ընդհանրապես շինարարության հետ կապ չունի»:
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն էլ` Գևորգյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:
Նշենք, որ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը ձերբակալվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում երեկ սկսված ձերբակալությունների գործի շրջանակներում:
ՔԿ տվյալների համաձայն՝ Էկոնոմիկայի նախարարությունում ձերբակալվել է 7 անձ, այդ թվում՝ նախարարի տեղակալը: