Արցախյան հիմնախնդիրը հնարավոր չէ լուծել ուժով. Դմիտրի Մեդվեդև
Արցախյան հիմնախնդիրը հնարավոր չէ լուծել ուժով, հարցը պետք է կարգավորվի բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, գրում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության նոր ալիքը կրկին արյունահեղության ու մարդկային կորուստների է հանգեցրել: Խնդիրը չի կարող լուծվել ուժի ճանապարհով:
Կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով», - գրել է Մեդվեդևը «ՎԿոնտակտե» սոցցանցի իր էջում: Մեդվեդևը հայտարարել է, որ անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները, որպեսզի հարթվի Արցախյան հարցի շուրջ ստեղծված ճգնաժամը ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի, այնպես էլ Ռուսաստանի հետ երկկողմ ձևաչափով: «Պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները ճգնաժամը հաղթահարելու համար՝ կիրառելով և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում համանախագահության մեխանիզմը, և՛ երկկողմ ձևաչափը՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանն ու Ադրբեջանը մեր հարևաններն ու մերձավոր գործընկերներն են», - գրել է Մեդվեդևը: