Alternativ.am-ի հիմնական նպատակն իր ընթերցողին հանրային հետաքրքրություն ներկայացնող լրատվության փոխանցումն է
11.07. 2020-ին ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ծառայողական քննության արդյունքները՝ կապված «Alternativ.am» կայքի «Կոռուպցիոն բացահայտումներ Ոստիկանությունում, որոնք գաղտնի են պահվում» վերտառությամբ հոդվածի հետ:
Ոստիկանությունը նշում է, որ ՀՀ ոստիկանության պետի հրամանները բացառապես բխել են օրենսդրական պահանջներից և եղել են իրավաչափ, և ծառայողական քննության նյութերը թողնվել են անհետևանք:
Հրապարակման մեջ ոստիկանության լրատվական ծառայությունը նշում է նաև, որ «Alternativ.am» կայքի տնօրենը ոստիկանությունում բացատրություն է տվել, որ հրապարակման հետ կապված հանցագործության վերաբերյալ հաղորդում ներկայացնել չի ցանկանում, հիշյալ տեղեկատվությունն ապացուցող փաստական տվյալներ չի կարող ներկայացնել և նշված տեղեկությունը հրապարակելով՝ ակնկալել է մեծացնել հետաքրքրությունը կայքի նկատմամբ:
Վերը նշվածի մասով ցանկանում ենք նշել, որ ոստիկանությունն ամբողջովին չի ներկայացնում մեր բացատրությունը, և գրված տողերից տպավորություն է ստեղծվում, որ կայքը չի ունեցել հոդվածը թողարկելու ոչ մի հիմք, սակայն թողարկել է՝ զուտ կայքի դիտելիությունը մեծացնելու նպատակով:
Մինչդեռ մենք ոստիկանությունում հստակ նշել ենք, որ հիշյալ տեղեկությունը մեզ փոխանցել է մեր անանուն աղբյուրը, ով ներկայացել է որպես ոստիկանության գործող ծառայակից, նրա հրապարակած տեղեկությունը մեզ արժանահավատ է թվացել, և պատրաստել ենք հոդվածը՝ բնականաբար ունենալով նաև կայքի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու ակնկալիք, ինչպես և ցանկացած մասնավոր զանգվածային լրատվության միջոց:
Իսկ հանցագործության մասին հաղորդում չենք ցանկացել ներկայացնել, որ քանի որ ինքներս չենք ունեցել փաստական տվյալ, և հոդվածում առկա տեղեկության ստուգումը վստահել ենք ընթացող ծառայողական քննությանը: Եվս մեկ անգամ ցանկանում ենք վերահաստատել, որ մեր կայքի հիմնական նպատակն իր ընթերցողին հանրային հետաքրքրություն ներկայացնող լրատվության փոխանցումն է, նույնիսկ այնպիսի լրատվության, որը պաշտոնական չէ, սակայն թվում է արժանահավատ և կարող է հետագա բացահայտումների հիմք դառնալ: