Վահե՛, վերադարձրո՛ւ 16 միլիոնը, փրկի՛ր կյանքեր. Նարեկ Մանթաշյանն ակցիա իրականացրեց ՍԴ-ի դիմաց (տեսանյութ)
Պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները՝ ՍԴ դիմաց միայնակ ակցիա եմ անցկացնում՝ ի նշան բողոքի, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը մեկ տարի անաշխատ եկամուտ է ստացել՝ փաստացի որևէ գործ չանելով: Այս մասին այսօր ՍԴ դիմաց տեղի ունեցող ակցիայի ընթացքում ասաց «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը: Վերջինս հավելեց, որ հակամաճարակային կանոնները պահպանելն է պատճառը, որ իրենց բազում համակիրներ այս պահին դատարանի դիմաց չեն: «ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը մեկ տարի ու մեկ ամիս կարողացել է անաշխատ եկամուտ ստանալ, փաստացի որևէ գործ չի արել, գործունեություն չի ծավալել, պետության, հրակատուների հաշվին շուրջ 15-16 մլն դրամ աշխատավարձ է ստացել, պարգևավճար, բենզին:
Ինչպես մեր իշխանավորներն են ասում, մեր պետությունն այսօր պատերազմ է իրականացնում անհայտ թշնամու՝ կորոնավիրուսի դեմ, և ամեն հիվանդի բուժման համար պետությունը ծախսում է 100-150 հազար դրամ: Պատկերացնո՞ւմ եք 16 մլն դրամով քանի կորոնավարկակիր կարելի էր բուժել այն դեպքում, երբ մենք մի ձրիակերի ենք պահում, ով ոչինչ չի անում, պորտաբույծի նման մեր պետական բյուջեից աշխատավարձ է ստանում»,- ընդգծեց Մանթաշյանը: Մանթաշյանը անդրադարձավ Վահե Գրիգորյանի այն հայտարարությանը, թե «իր եկամուտի միակ աղբյուրն իր աշխատավարձն է»: Մանթաշյանը նշեց, որ Վահե Գրիգորյանը, ինչպես Նիկոլ Փաշինյանը, Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է, և սուտը նրանց հատուկ է: «Վահե Գրիգորյանի հայտարարությունից հետո մամուլում տեղեկություն շրջանառվեց, թե ինչ ունեցվածքի տեր է Գրիգորյանը:
Վերջինիս կինը լոնդոնյան տարբեր ընկերությունների սեփականատեր է, մասնավորապես մետալուրգիայի, զարդերի, մանրածախ առևտրի ոլորտներում: Նրանց հաշիվների վրա ահռելի գումարներ կան, որոնք մեր քաղաքացիների համար զարմանալի թվացող են, նույնիսկ թվերն են դժվար ընթեռնելի, այնքան մեծ են այդ գումարները: Որտե՞ղ է գրված, որ հացի խնդիր լուծող մարդը բանկերում 30-40 հազար դոլարի ավանդներ ունի: Այն կեղծիքն ու սուտը, որը Վահե Գրիգորյանը ՍԴ տարածքից տարածեց, իրականությանը չի համապատասխանում: Ես պնդում եմ, որ նա ապրուստի խնդիր չունի: Եվ եթե անգամ ունի այդպիսի խնդիր, չի նշանակում, որ անաշխատ եկամուտ պետք է ստանա մեր հարկատուների հաշվին: Մենք ձրիակերներ պահելու պետություն չենք: Մի Վահե Գրիգորյանը պետության համար այնքան գումար է արժենում, որքան գումարով մենք հնարավորություն ունեիք 100 և ավելի հիվանդների բուժել»,- ընդգծեց Մանթաշյանը: Նարեկ Մանթաշյանը հավելեց, որ պայքարը տեղափոխվում է օնլայն հարթակ: Հանրությունը, ըստ Մանթաշյանի, ֆլեշմոբի տեսքով պետք է պահանջի Վահե Գրիգորյանից իր գումարները ուղղել կորոնավիրուսի բուժմանը: