«Բարգավաճ Հայաստան»-ը կողմ կքվեարկի մեկուսացման նպաստ սահմանող օրենքի նախագծին
ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, չնայած մեկուսացման նպաստ սահմանող նախագծի հեղինակի` դեմ քվեարկելու հորդորին, կողմ կքվեարկի օրինագծին:
ԱԺ նիստում «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նաիրա Զոհրաբյանը նշեց՝ բերվել է շատ լավ նախագիծ, որը իսկապես որոշակիորեն կլուծի այն ծանրաբեռվածությունը, այն սոցիալական լարվածությունը, որը կա, մարդիկ իրենց կամքով չեն ինքնամեկուսացվել կամ մեկուսացվել: «Մենք կողմ ենք նախագծին, վերջապես այդ մարդիկ ստացան դրական ազդակ, որ իրենք մենակ չեն, պետությունն իրենց մասին հոգ է տանում: Այս ամբիոնից կառավարության ներկայացուցիչներն ասել են, որ փողի խնդիր չկա: Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու կառավարության հետ այս հարցը մինչև այստեղ գալը չեք քննարկել, չեք եկել համաձայնության»,-ասաց Զոհրաբյանն ու նշեց՝ հասկանում է, որ ոչ մեկը չի կարող ասել, թե հաջորդ օրը մեկուսացվածների և ինքնամեկուսացվածների ինչ թվեր կլինեն:
Զոհրաբյանն առաջարկեց կողմ քվեարկել նախագծին: «Բարգավաճ Հայաստան»-ը կողմ է քվեարկելու: