Ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից. նա, ով ոչ մի մոմ չվառեց
«Եթե մեղավոր է կառավարությունը, մեղավոր է նաև ժողովուրդը, որովհետև այդ ժողովուրդն է այս կառավարությանը բերել իշխանության»: Սա ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եվ որքան էլ տարօրինակ է՝ ասաց շատ ճիշտ: Այո՛, եկել է մեղավորներին մատնացույց անելու ժամանակը, իսկ այդ մեղավորները իհարկե նրանք են, ովքեր նրան տվեցին ավելի քան 70 տոկոսանոց մանդատ և ասացին՝ «կառավարի՛ր մեզ»: «Ես եթե վատն եմ, դու էլ ես վատը, եթե դու դեռ չես գիտակցել, որ ես վատն եմ, ուրեմն ես քեզ դեռ պետք եմ: Երբ գիտակցես, որ սխալվել ես կամ մեղավոր ես, ես կդնունեմ, որ ես էլ եմ սխալվել և ես էլ եմ մեղավոր: Ես դա կհասկանամ ու լուռ կհեռանամ»-սա էր Փաշինյանի այսօրվա լայվի քողարկված մեսիջը:
«Ես մեղավոր չե՛մ, քանի որ դու իմ անցյալին ուշադրություն չդարձրեցիր»
«Ես մեղավոր չե՛մ, քանի որ բացի ինձնից դու այլընտրանք չգտար»
«Ես մեղավոր չե՛մ, քանի որ դու գեղեցիկ ու սրտառուչ խսքերի կարիք ունեիր»
«Ես մեղավոր չե՛մ, քանի որ դու ծափահարեցիր, երբ ես ասացի՝ ես եմ կամ ոչ ոք»
«Ես մեղավոր չեմ, քանի որ դու սիրում ես դասեր չքաղել քո պատմությունից»
Սա ասաց քեզ այսօր քո ղեկավարը, ՀՀ հպա՛րտ քաղաքացի: Ասաց քո ղեկավարը, ով խլեց քո հպարտությունը ու առաջին իսկ հնարավրության դեպքում քեզ մատնացույց արեց, քեզ դարձրեց մարդասպան, անպատասխանատու, երբ քո նկարը տեղադրեց, որտեղ դու հերթում կանգնած վարկ ու ապառիկ ես ցանկանում վճարել, որտեղ բարձրացել ես մատուռ ու ցանկացել ես աղոթել, որտեղ դու մի կերպ խցկվել ես սովետական հնամաշ ավտոբուս, որպեսզի գնաս աշխատանքի ու օրվադ հացի 3000-4000 դրամը աշխատես, որտեղ դու քո մի տարվա արյուն-քրտինքը քաղել ես ու ստիպված ես շուկայում կես գնով վաճառել, որ բերքդ չհոտի: Ասաց քո ղեկավարը քեզ՝ առանց որևէ խղճի խայթի, առանց փոխարենը քո հոգսը թեթևացնելու: Գիտես՝ ինչու այդպես ասաց քո ղեկավարը քեզ: Քանի որ դու նրան ամեն կերպ պաշտպանեցիր, դու նրանից չպահանջեցիր, դու նրա սխալը տեսնելով՝ լուռ մնացիր, դու չըմբոստացար անարդարության դեմ: Խավարի իշխանության և ոչ մի լկտի իրադարձություն դու չցանկացար տեսել, դու չտեսար, որ համատարած պղծության քարոզ է տարվում քո երկրում, պապերիդ հայրենիքում, արյունով սնված քո հողում: Դա նրանից է, որ դու չունեցար քո սեփական պատասխանատվության զգացումը, այն զգացումը, այն հպարտությունը, որ դու ես այն մեկը, ով պատասխանատու է ամեն լավի, ամեն վատի, ամեն սխալի համար:
Դու այսօր չես կարող նրան մեղադրել, քանի որ ակամայից դու էլ մեղավոր դուրս կգաս: Իսկ դու դա չես ուզում, դու չես ցանկանում համակերպվել այն մտքի հետ, որ դու սխալվել ես: Եվ դա շատ լավ գիտի քո ղեկավարը, նա գիտի, որ դու այդ հիպնոսից դժվար ես դուրս գալու: Ամեն ինչը մերժող քո ղեկավարը քո ներսում թույն ու ատելություն ներարկեց, ուղեղդ լցրեց հազարավոր կեղծ օրակարգերով: Դու սկսեցիր մի պահ մոռանալ քո հերոսներին, քանի որ Մարիամիկի ստատուսն ավելի հետաքրքիր էր: Քեզ սկսեց դուր չգալ պետականամետությունը, քանի որ քո էությունը հակված էր դեպի պոպուլիզմը: Ամեն ինչ ու ամեն բան մերժող քո ղեկավարը, քեզ հավատացրեց, որ մինչև իր հայտնվելը՝ քո կյանքում ամեն ինչ խավարի մեջ էր, իսկ ինքը՝ միակ լույսը: Եվ ահա՛, նա եկավ, քո՛ հույսն ու հավատը, քո՛ փրկիչը, քո՛ կյանքի լուսավոր այն կետը, որը քեզ քնացրեց այն աստիճան, որ դու մոռացար՝ Հայաստանը հին կամ նոր չի լինում, չեն լինում հին՝ վատ մարդիկ և նոր՝ լավ մարդիկ: Քո ղեկավարն այսօր էլ մերժում է ամեն ինչ, նույնիսկ քեզ է հասել, քեզ էլ է մերժում: Համատարած այս մութը նա էլ ավելի է մթնեցնում, քանի որ նա բնույթով խավարը լուսավորող չէ: Նա լավ գիտի, որ եթե լուսավորեց այդ խավարը, դու արդեն կտեսնես ու կզգաս՝ շուրջդ իրականում ինչ է կատարվում:
Եվ որպես հետգրություն՝
Եվ վերջապես, ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից: Օգնենք, որպեսզի յուրաքանչյուրս վառի իր մոմը, եւ համոզված եմ՝ մոտ ապագայում Հայաստանը կհայտնվի լույսի մեջ»-մի առիթով ասել է Վազգեն Սարգսյանը:
Քո ղեկավարը չի վառելու քո մոմը, ՀՀ քաղաքացի: Ինքդ վառի՛ր այն, ցրի՛ր խավարը և իրապես կզգաս՝ հպարտությունն ինչ է, իրական սերն ինչ է, իրական հանդուրժողականությունն ինչ է: Խավարից դուրս գալու միակ ելքը դա է, այլ ելք չկա:
Լուսավորի՛ր երկիրդ, լուսավորի՛ր քեզ և պահանջիր պատասխան՝ վատնածդ երկու տարվա համար: Պահանջի՛ր քո հայրենակիցների հետ, սևերի և սպիտակների հետ, հների և նորերի հետ: Ժողովրդի ձայնը սրբազան է, պահանջի՛ր և այդ ժամ կզգաս՝ ում ես դու ընտրել:
Խմբագրական