Եթե Մանվել Գրիգորյանը վնասը փոխհատուցել է պետությանը, ապա ո՞րն է պատճառը նրան պահել կալանքի տակ. Փաստաբան
Այս թեմայով
- Քոչարյանի գործով դատական որոշումը կհրապարակվի ժամը 13.30-ին
- Մանվել Գրիգորյանի կալանքը ևս երկու ամսով երկարացվեց
- Ռոբերտ Քոչարյանի գործում կաշառքի դրվագով հիմնավոր կասկածը բացակայում է
- Ս. Ադյանը և Գ. Խաչատրյանը ՊՎԾ օրինակելի և լավագույն աշխատակիցներից են. Դ. Սանասարյանը՝ ՊՎԾ աշխատակիցների կալանավորման մասին
Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը կարծում է, որ կայացվել է քաղաքական որոշում ծանր հիվանդություններ ունեցող իր պաշտպանյալին պահել կալանքի տակ։
«Գրիգորյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել յուրացման համար և որպես վնաս վարույթն իրականացնող մարմինը ֆիքսել է 7 մլն դրամ, որը դեռևս 2018-ի սեպտեմբեր ամսին վճարվել է դատախազության դեպոզիտ հաշվին։ Բացի այդ, ստուգումներ են իրականացվում Գրիգորյանի ու նրա մերձավորների ընկերություններում։ Մի կողմ թողնելով ստուգումների իրավաչափությունը՝ վարույթն իրականացնող մարմնին հարցնում ենք՝ որքա՞ն կարող են կազմել ենթադրյալ խախտումները, ասում են՝ մեկ միլիարդ դրամ։ Մենք պետությանն ենք նվիրաբերում 5 անգամ ավելի արժողությամբ գույք։ Հարցնում ենք՝ ո՞րն է պատճառը անձին պահել անազատության մեջ, երբ բացակայում են կալանքի հիմքերը, պատասխան չունենք։ Ամեն անգամ դատարանը վերացական դատողություններով հլու-հնազանդ կատարում է ՀՔԾ-ի պատվերը և անձին թողնում կալանքի տակ։
Գրիգորյանին հանիրավի պահելով կալանքի տակ՝ տեղի է ունենում խոշտանգում, որի պատասխանատուն ՀՔԾ-ն է ու գլխավոր դատախազությունը։ Մենք վստահ ենք՝ կայացվել է քաղաքական որոշում՝ Գրիգորյանին պահել պատանդի կարգավիճակում և նրան դանդաղ մահացնել», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարությունն ընթերցեց փաստաբան Բաղդասարյանը։
Նրա ներկայացմամբ՝ Մանվել Գրիգորյանը մինչև կալանավորվելը կախվածություն չի ունեցել ինսուլինից, սակայն արդեն վեց ամիս անց օրական երկու անգամ ստանում է բարձր չափաբաժնով ինսուլին։
«Եթե նոր Հայաստանի քաղաքականությունը ընտրովի արդարադատությունն է և քաղաքացուն դանդաղ սպանելը, ապա դրա դեմ պետք է տոտալ պայքարել։ Եթե ոչ, ապա պետք է անհապաղ փոխել անձի խափանման միջոց կալանքը», - նշեց փաստաբանը։
Արդյոք իր պաշտպանյալը քաղաքական հալածյալ է հարցին ի պատասխան Բաղդասարյանը ձեռնպահ մնաց Մանվել Գրիգորյանին քաղհալածյալի որակում տալ ու հավելեց. «Սա ավելի շատ մեծ հնչեղություն ստացած քրեական գործ է, ուղղակի մենք նրա գործով փորձում ենք բացառել ընտրովի արդարադատությունը»։
Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը արդեն 3-րդ անգամ երկարաձգվել է։ Վերջին որոշումը Գրիգորյանի պաշտպանությունը բողոքարկել է Վերաքննիչ դատարան։
Նկատենք, որ Մանվել Գրիգորյանը դիմել էր կառավարությանը՝ ցանկություն հայտնելով պետությանը նվիրել Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքը: Փաստաբանը տեղեկացրեց, որ Գրիգորյանի կողմից նվիրաբերության գործընթացն ամբողջությամբ ավարտել է, մնում է կառավարությունը համապատասխան ընթացակարգի համաձայն, ընդունի նվիրաբերությունը։