ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգեց այսօր սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը։ Դատավորը տեղեկացրեց, որ «Իզմիրլյան» ԲԿ-ից ստացվել է տեղեկանք այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է ստացիոնար բուժման մեջ և չի կարող ներկայանալ այսօրվա նիստին։
Հաշվի առնելով, որ նրա բացակայությամբ նիստը չի կարող շարունակվել, այսօրվա նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 26-ին, ժամը 13:00-ին։
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին նախկին նախագահի փաստաբանները երեք միջնորդություն էին ներկայացրել՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակման, գրավի դիմաց ազատ արձակման, կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ խափանման միջոցը փոխելու կամ այն չեղարկելու մասին:
Դատավոր Աննա Դանիբեկյանը մայիսի 13-ին որոշում էր կայացրել միջնորդությունը մերժելու մասին: Ավելի ուշ փաստաբանները հայտարարել էին որոշումը բողոքարկելու մտադրության մասին: