Պետությունը շահութահարկի կանխավճարների չեղարկման հարց չի քննարկում
Պետությունը ներկայում չի պատրաստվում չեղարկել շահութահարկի կանխավճարները կամ հետաձգել դրանց վճարումը:
Այս մասին ասուլիսում հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
ՊԵԿ նախագահը նախ հիշեցրեց, որ հարկ վճարողները կարող էին մինչև այս տարվա մարտի 20-ը ներկայացնել հայտարարություն և օգտվել շահութահարկի կանխավճարների այլընտրանքային եղանակից, որը ենթադրում է նախորդ եռամսյակի շրջանառության 2 տոկոսի չափով կանխավճարի դրույթ: «Կարծում եմ, որ պետք է օգտվեին այդպիսի հնարավորությունից, որովհետև մարտի 1-ից մենք արդեն ունեինք կորոնավիրուսով առաջին վարակվածը, մարտի 14-ին արտակարգ դրություն էր հայտարարվել: Այսօր կանխավճարների տարկետման կամ կանխավճարների երկարաձգման քննարկում չկա օրակարգում: Բայց ցանկացած միջոցառում, հարց կարող ենք քննարկել՝ ելնելով ստեղծված իրավիճակից: Համենայն դեպս, իրավիճակն այս պահին չենք գնահատում այնպիսին, որ շահութահարկի կանխավճարները չեղարկենք կամ հետաձգենք»,-ասաց Անանյանը: