«Ուրարտու» ակումբի ամբողջ անձնակազմը կորոնավիրուսի թեստ է հանձնել
Հայաստան ֆուտբոլի առաջնության բարձրագույն խումբը ներկայացնող «Ուրարտու» թիմի անդամները մարզումները վերսկսելուց առաջ կորոնավիրուսի թեստ են հանձնել:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ապրիլի 22-ին «Ուրարտուի» ֆուտբոլիստները, բժշկական, սպասարկող ու ադմինիստրատիվ կազմը կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում են անցել։ Բոլորի պատասխանը եղել է բացասական։
Արդեն վաղվանից «Ուրարտուն» կսկի մարզումները սեփական մարզաբազայում։
Նախօրեին «Արարատի» ֆուտբոլիստները և աշխատակազմը ևս հանձնել էին ՀՖՖ-ի կողմից ստացած կորոնավիրուսի թեստերը, բոլորի պատասխանները նույնպես եղել են բացասական։
Ավելի վաղ ՀՖՖ-ն հայտարարություն էր տարածել, որ ՀՀ պարետատան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբները կարող են վերսկսել մարզումները ապրիլի 23-ից: ՀՖՖ-ին տրամադրվել են կորոնավիրուսի ախտորոշման թեստեր, որոնք մոտակա 3 օրերի ընթացքում կբաժանվեն Բարձրագույն և Առաջին խմբի առաջնության մասնակից ակումբներին: Մինչև մարզումների սկիզբը բոլոր ակումբները պարտավոր են թեստավորել իրենց ֆուտբոլիստներին, ինչպես նաև մարզչական, սպասարկող և բժշկական անձնակազմերի ներկայացուցիչներին։ Յուրաքանչյուր ակումբի կազմում մարզմանը միաժամանակ կարող է մասնակցել ոչ ավելի, քան 20 անձ՝ ներառյալ ֆուտբոլիստները, մարզչական, սպասարկող և բժշկական անձնակազմի ներկայացուցիչները: