Փաշինյանն աշխատում է ժողովրդի՝ մարդազոհական հոգեբանության տեր հատվածի հետ. Սևակ Թորոսյան (տեսանյութ)
«Ի՞նչ է դատավորի կոռուպցիան. ասել է թե՝ անարդար վճիռ կայացնել՝ իմանալով, որ դա անարդար է: Այսօր ՀՀ-ում շատ քիչ են այն դատավորները, որոնք կոռումպացված չեն»: Այս մասին 5-րդ ալիքի եթերում ասաց Ֆրանսիայի փաստաբանների պալատի անդամ Սևակ Թորոսյանը: Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք երկրորդ նախագահը քաղաքական բանտարկյալ է, Թորոսյանն ասաց. «Իհարկե, ասել եմ, որ սա իրավական դատավարության հետ կապ չունի: Եթե կողմերը կարող են դատարանի դահլիճում իրար հետ տրամաբանական զրույց ունենալ, ապա սա իրավական դատավարություն է: Հակառակն է, եթե փոխհարաբերությունները անհնարին են, քանի որ, ասես, խախտումների մրցույթ է:
Ժողովուրդը պատրաստ է ընդունել, քանի որ Հայաստանի ժողովրդի մի մասը մարդազոհության հանդեպ սեր ունի, և այսօրվա վարչապետն աշխատում է այդ ժողովրդի հետ՝ մարդազոհական հոգեբանության տեր հատվածի հետ: Եթե իրավաբանական արգումենտների շրջանակից դուրդ գանք, իհարկե, սա քաղաքական հարց է: Եվրոպական տեսանկյունից այս դատավարությունն ավարտվել է, և մենք հաղթել ենք, քանի որ դիմացինը խախտումներ է իրականացնում: Հայկական տեսանկյունից նայելիս, որը կապ չունի իրավաբանության հետ, պետք է լուծում գտնել: Աշխարհում ոչինչ անվճար չէ, սրա գինը մի օր պետք է վճարել: Ես վրեժխնդրության մասին չեմ խոսում, սա արդարության, ոչ թե վրեժի հարց է: Հույս ունեմ, այդ գինը ՀՀ ժողովուրդը չպետք է վճարի»: Թորոսյանը ընդգծեց, որ ամենակարևորը դատավորի անկախությունն է: «Այնտեղ, որտեղ դատավորը չունի մարդկային արժեքների խորը հասկացողություն, չունի քաջություն և պատրաստ չէ ինքն իրեն զոհել հանուն արդարադատության, այնտեղ բացակայում է արդարադատությունը: Եթե դատավորը չարթնանա, երկիրն ինքը չի կարող արթնանալ»,- նկատեց Թորոսյանը: Ավելին՝ տեսանյութում