Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետը հերքում է Jewish Press-ի հոդվածում առկա տեղեկությունները
Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետ Սերոբ Սահակյանը հերքում է Jewish Press-ում հրապարակված «Թուրքիան փորձում է գրավել Երուսաղեմի Հին քաղաքում հայկական թաղամասը» վերնագրով հոդվածում առկա տեղեկությունները:
Արմենպրեսի հետ զրույցում Սահակյանը նշեց, որ այդ տեղեկություններն ամբողջովին չափազանցված են:
«Թուրքերի ներթափանցում մեր տներ, մեր համայնք կամ մեր կալվածքներ չկա: Վերջին շրջանում նկատվում է միայն թուրք զբոսաշրջիկների թվի ավելացում: Այսօր հնարավոր է, որ միաժամանակ մի քանի հազար թուրք զբոսաշրջիկ անցնի մեր կալվածքներով»,- ասաց Սահակյանը:
Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետը նշեց, որ թուրքական ներթափանցում կա իսլամական թաղամասերում և Երուսաղեմից դուրս այլ քաղաքներում: «Վերջին շրջանում նկատվում են բարեգործական կազմակերպություններ, որոնք ֆինանսավորվում են թուրքական գործակալությունների կողմից: Սա բավական վտանգավոր երևույթ է Իսրայելի համար, սակայն հայկական համայնքի համար որևէ վտանգ չկա: Հերքում ենք հոդվածում նշված տեղեկությունները»,- նշեց նա: