Հրայր Թովմասյանի եւ Նորայր Փանոսյանի քրգործով նախաքննությունն ավարտվել է
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ իր սանիկի՝ Նորայր Փանոսյանի քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
«Վարույթն իրականացնող մարմինը Հրայր Թովմասյանի եւ Նորայր Փանոսյանի վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել` գործով մեղադրական եզրակացություն կազմելու եւ դատարան ուղարկելու համար, որի մասին հայտնվել է տուժողներին, մեղադրյալներին, նրանց պաշտպաններին, եւ գործի նյութերը տրամադրվել են նրանց` ծանոթանալու համար»,- ասաց Մարինա Օհանջանյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Ընդ որում՝ նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացրել էր ՀՀ գլխավոր դատախազը՝ դեկտեմբերի 26-ին, ճիշտ այն նույն օրը, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը։