Օրվա իշխանությունն ինձնից արագ ձերբազատվելու խնդիր ունի. Հրայր Թովմասյան (տեսանյութ)
Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում սեփականության վկայականներ են փնտրել: ՍԴ նախագահի բնակարանում խուզարկության ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հրայր Թովմասյանը: Հարցին, թե ի՞նչ էին փնտրում ՀՔԾ աշխատակիցները իր բնակարանում, Թովմասյանը պատասխանեց. «Ինչ-որ սեփականության վկայականներ»:
Հրայր Թովմասյանն ասաց, որ այս ընթացքում 2-3 անգամ հարցաքննության է հրավիրվել, իսկ այսօր քննչական գործողություն են իրականացրել իր բնակարանում: Նա նշեց, որ իր խնդրանքը, միջնորդություն-հորդորը եղել է մեկը, որ այդ ամբողջը տեսաձայնագրվի: «Ինձ համար անհասկանալի է քննչական մարմնի ձեռնպահ մնալը և մեր միջնորդությունները մերժելը»,- ասաց նա՝ հավելելով, որ անընդհատ կրկնելու է նման միջնորդությունները:
ՀՀ ՍԴ նախագագը նաև նկատեց, որ այս գործընթացում իր համար «Հրայր Թովմասյանի խնդիրը երկրորդական, երրորդական է». իր համար ավելի կարևոր է երկրի հեղինակությունը:
Բարձրագույն դատական ատյանի որևէ ղեկավարի քրեական հետապնդման ենթարկելու համատեքստում նա հղում կատարեց համաշխարհային պատմությանը. «Եթե չեմ սխալվում, միգուցե, սխալվում եմ, համաշխարհային պատմության մեջ վերջին անգամ, երբ որևէ բարձրագույն դատական ատյանի ղեկավար քրեական հետապնդման է ենթարկվել, եղել է 1803 թվականին ԱՄՆ-ի Գերագույն դատարանի նախագահը»:
Թովմասյանն անդրադարձավ նաև ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքին՝ ընդգծելով, որ իր համար անհասկանալի է, թե ինչու օրենքն ընդունվեց արագացված ռեժիմով: «Պատկերացնում ե՞ք երկրի վիճակը, երբ 7 դատավոր հրաժարական տա»,- հարցադրում արեց Թովմասյանը, իսկ հարցին, թե դատավորները պատրաստվում ե՞ն հրաժարական տալ, խորհուրդ տվեց այդ հարցով դիմել դատավորներին:
Անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե իր խոսակցությունները կարող են գաղտնալսվել, Թովմասյանն ասաց. «Թող գաղտնալսեն, ես իմ ընկերներին եմ բազմիցս ասել, երբ խոսում եք, գրում եք, առաջնորդվեք այն կանխավարկածով, որ ձեզ լսում են. կյանքը շատ ավելի հեշտ է դառնում: Իմ կյանքը չի փոխվել, իմ հեռախոսահամարները չեն փոխվել, ես հանգիստ իմ կյանքով ապրում եմ»:
Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հայտնել էր, որ քննիչները Հրայր Թովմասյանի բնակարանում փաստաթղթեր են փնտրել, սակայն չեն գտել այն, ինչ փնտրում են: