Ստյոպա Սաֆարյանի տարօրինակ արկածները 2008թ. մարտի 1-ին. Top-news.am
Top-news.am-ը գրում է.
Օրերս «Իմ ձայնը» նախագծն անդրադարձել էր 2008թ․ մարտի 1-ի իրադարձությունների՝ Wikileaks կայքում հրապարակված ԱՄՆ Պետքարտուղարության զեկուցագրերից մեկին, որտեղ հիշատակվում էր, որ այսօր Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ստյոպա Սաֆարյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը հայտնել էր, թե արդեն 3 մարդ է զոհվել՝ մանկահասակ մի տղա եւ երկու տարեց մարդ, եւ որ ոստիկանը ծեծել է տարեց մարդուն եւ սպանել նրան:
Ընդ որում, փաստաթղթում հատուկ նշվում է, թե դա այն ժամանակ, երբ դեռ բախումներ եւ արյունահեղություն չէր եղել: Իհարկե, Ստյոպա Սաֆարյանն իրեն հատուկ ոճով եւ եղանակով փորձեց թյուրիմացության մեջ գցել հանրությանը, պնդելով, թե ինքը սխալ թարգմանության զոհ է:
Հրապարակման մեջ որեւէ պնդում չկար, թե Ստյոպա Սաֆարյանն ինքն է ականատես եղել կամ պնդել, որ ականատես է եղել սպանություններին: Ընդամենը հղում է արված ամերիկյան պաշտոնյաների միջեւ գրագրությանը, որտեղ նշված է, որ հայտնել են սպանությունների մասին:
Իսկ հիմա Ստյոպա Սաֆարյանը փորձում է խճճել եւ դուրս գալ իր համար խիստ անցանկալի վիճակից:
Ի դեպ, 168.am-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից փորձել պարզել 2008-ի մարտի 1-ին եղե՞լ է զանգ դեսպանատուն: Խնդրել են պարզաբանել նաեւ ցուցարարների զինված լինելու եւ Նիկոլ Փաշինյանի գործողությունների հետ կապված, քանի որ, ըստ «Վիկիլիքսի» հրապարակման՝ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնի նամակում ասվում է, թե կան «վստահելի ապացուլցներ, որ մարտի 1-ին Փաշինյանն է հրահրել ցուցարարներին ոստիկանների հետ կոշտ բախումների»»:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր գրության մեջ նշել է, թե իրենք մեկնաբանություններ չեն տալիս գաղտնի տեղեկություններ պարունակող փաստաթղթերի վերաբերյալ։ Այսպիսով, չհերքելով Ստյոպա Սաֆարյանի զանգի մասին տեղեկությունը:
Ավելի քան ակնհայտ է, որ եթե չլիներ նման զանգ, ապա ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը կգտներ այն հերքելու ձեւն ու եղանակները: Սա է ամբողջ իրականությունը, իսկ Ստյոպա Սաֆարյանն ավելի լավ կանի հաշտվի իրողությունների հետ եւ չփորձի հերքել անհերքելին, թյուրիմացության մեջ գցելով հանրությանը: