«Հեղափոխությունը» թույլ տվեց կոպտագույն վրիպում. ներքին քաղաքականությունը նույնականացրեց պատերազմին. Գարեգին Պետրոսյան
«Այլընտրանք» ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Քաղաքականության նույնացումը պատերազմին: Ձախողման կանխատսելիությունը
Պրուսական գեներալ Կ.ֆոն Կլաուզևիցի ՝ <<Պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ մեթոդներով>> հայտնի թեզը, որի առարկան միջպետական հարաբերություններում առկա կոնֆլիտներն ու դրանց հաղթահարման հնարավորություններն էին, հետագայում Մաոի միջոցով ներմուծվեց չինական ներքաղաքական իրականություն՝ փիլիսոփայա-քաղաքական չափորոշիչ դառնալով քաղաքացիական պատերազմի անհրաժեշտությոնը հիմնավորելու համար:
Մի փոքր վերակերպված տեսքով Մաոն այսպես էր մեկնաբանում ներքաղաքական պայքարի տրամաբանությունը. <<Պատերազմը արյունալի քաղականություն է, քաղաքականությունն՝ անարյուն պատերազմ>>: Կիրառական առումով մոտեցումն, անխոս, վտանգավոր էր, բայց այն արտացոլում էր այդ ժամանակվա չինական քաղաքական իրականության խորքային պատկերը՝ փոխադարձ ատելություն, ճամբարավորված հասարակություն, ներքաղաքական թշնամանք, արդյունքում՝ անարյուն պատերազմի վերածում արյունալի պատերազմի:
Չինական քաղաքական իրականության խորքային բովանդաությունն արտացոլող ախտանիշներն այսօր անզեն աչքով նկատելի են նաև հայկական քաղաքական իրականության մեջ, հատկապես երբ խոսքը վերաբերում է երկրորդ նախագահին և նրա հնարավոր քաղաքական ազդեցության դեմ ծավալվող անհաշտ պայքարին: Ակնհայտ է, որ <<հեղափոխությունը>> իր ֆիլանտրոպիական (սեր, համերաշխություն, ժողովրդականություն, թավիշ, ոչ բռնի) լոզունգները հռչակելուց, ի թիվս այլ հանգամանքների, գրագետ չէր հաշվարկել նաև Ռ. Քոչարյանի վճռականության ֆենոմենը: Եվ միայն առերեսվելով որոշկի իրողությունների հետ ՝ <<հեղափոխությունը>> ընդդիմության հենց այս սեգմենտի նկատմամբ հետփաստացի սկսցեց կիրառել <<անարյուն պատերազմի>> ստրատեգիան:
<<Հեղափոխությունը>> թույլ տվեց կոպտագույն վրիպում. ներքին քաղաքականությունը նույնականցրեց պատերազմին՝ դրանից բխող վտանգավոր հետևանքներով: Սա այն կարևոր արձանագրումն է, որը պետք է հասկանանք: Որովհետև սրանից է բխում մյուս կարևոր հանգամանքը՝ սիրո և համերաշխության լոզունգները շուրթերին հեղափոխական հարթակում հայտնված Փաշինյանը կարո՞ղ է տևական և արդյունավետ քաղաքական պատերազմ վարել: Այս հարցի փիլիսոփայական պատասխանը լավագույնս տվել է Առաջին աշխարհամարտի տարիների ֆրանսիացի հայտնի պետական գործիչ Ժորժ Կլեմանսոն. <<Պատերազմը չափազանց կարևոր գործ է, որպեսզի վստահենք այն գեներալներին>>:
Ստացվում է, որ <<պատերազմ վարելն>> ի սկզբանե ներառված չէր <<ֆիլանտրոպիկ հեղափոխականի>> հանձնառությունների մեջ: Հետևաբար, ստացվում է՝ ձախողելու հավանականությունն իրենց իսկ կողմից հրահրվող պատերազմում շատ ավելի մեծ է, քան հաջողելունը, եթե անգամ <<հեղափոխության>> ներսում տեղի ունենա տրանսֆորմացիա և <<թավշյա գեներալը>> ենթադրաբար փոխարինվի <<ոչ թավշյա գեներալով>>: Սա նույնպես կանխատեսելի է, քանի որ Մյորֆիի հայտնի օրենքն է այդպես հուշում. <<Եթե գործերը հնարավոր է, որ վատ ընթանան, ապա ամենայն հավանականությամբ հենց այդպես էլ կընթանան>>: Եվ ուշացած տրանսֆորմացիան էլ գուցե այլևս փրկողակ չհանդիսանա…