Քաղաքական հետապնդումները «չոքել» են ազատ մամուլի դռանը
Երևանի Վերաքննիչ դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի ունեցավ «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի աջակիցների բողոքի ակցիան։ Նրանք պահանջում էին անհապաղ ազատ արձակել Թավադյանին՝ նշելով, որ նրա կալանավորումն ազդել է հեռուստաընկերության գործունեության վրա։ «5-րդ ալիք» ՀԸ գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը բողոքի ակցիայի ընթացքում նշել է նաև, որ իրենք ունեն նախագծեր, որոնք պետք է սկսեին, սակայն դրանք դադարեցվել են, քանի որ առանց սեփականատիրոջ դժվար է շարունակել գործունեությունը։
Տեղի ունեցողն այն բանի ապացույցն է, որ գործող իշխանությունը հետևողականորեն ճնշումներ է գործադրում մամուլի և լրատվական դաշտի վրա։ Այդ մասին է վկայում նաև վարչապետի, օրերս, կառավարության նիստում արած հայտարարությունը հեռուստաընկերությունների մասին, որտեղ նա բացահայտ ասաց, որ իշխանությունը պայքարելու է մի շարք հեռուստաընկերությունների դեմ։ Նախկին լրագրողը, որն այսօր ստանձնել է պետության ղեկավարումը, ամեն ինչ անում է, որպեսզի լռեցնի այն լրատվամիջոցներին, որոնք կփորձեն քննադատական խոսք հնչեցնել իր և իր կառավարության հասցեին։ Արդյունում տեղի են ունենում ապօրինի կալանավորումներ ու կարվում են բազմապիսի քրեական գործեր, միայն թե բավարարվեն երկրի առաջին դեմքի անձնական ամբիցիաները։