Պարգեւավճարներ, այո, տրվելու են, քանի դեռ չի գտնվել վարձատրության լավագույն համակարգը. Ջանջուղազյան
Ես կարծում եմ, որ պետք է կարեւորել առհասարակ վարձատրության համակարգը, ոչ թե պարգեւավճարը, որովհետեւ մենք այս ժամանահատվածին վերաբերվում ենք որպես միջանկյալ ժամանակահատված, քանի դեռ չի գտնվել վարձատրության համակարգը կանոնակարգող լավագույն որոշումը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Նրա խոսքով, պետական եւ մասնավոր հատվածներում այս կամ այն աշխատանքի համար վարձատրությունը պետք է լինի համադրելի. «Հակառակ դեպքում՝ մշտապես կունենանք իրավիճակ, որ դե էս վարձատրությամբ հնարավոր չի էստեղ նորմալ մասնագետ ունենալ, ինչը մենք սկբունքորեն ուզում ենք մերժած լինել: Մենք կարծում ենք, որ աշխատատեղը պետք է վարձատրվի, ոչ թե այն, թե որ մարմնում է այդ աշխատատեղը տեղակայված»,-ասաց նախարարը:
Նա եւս մեկ անգամ վերահաստատեց, որ այո, տրվելու են պարգեւավճարներ. «Որովհետեւ դա նախատեսված է: Ավելին ասեմ՝ օպտիմալացման արդյունքում ես ներկայացրեցի թվեր ֆինանսների նախարարությունում աշխատակազմի փոփոխության, մենք ունենք կոնկրետ տնտեսումներ, պարգեւավճարներ տալու հնարավորություններ, քանի որ ավելի քիչ թվաքանակով ավելի ծանրաբեռնված ենք աշխատում: Իսկ թե այդ պարգեւավճարները կառաջացնեն այն արձագանքը, ինչ անցած տարի, կյանքը ցույց կտա»: