Հանրայինը ազատվում է պրոֆեսիոնալներից
Փորձառու ու հմուտ մեկնաբանները լքում են Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը: Այսօր հեռուստամեկնաբան, հաղորդավարուհի Քրիստինե Մելքոնյանն է հեռացել աշխատանքից և իր ֆեյսբուքյան էջում այս կապակցությամբ գրել է. «Հանրային հեռուստաընկերության հետ իմ 20-ամյա համագործակցությունն ավարտված է։ Դրանք շատ կարևոր ու շատ տարբեր 20 տարիներ են, որոնք, վստահաբար, սիրով են հիշվելու։ Հպարտ եմ, որ թողել եմ հետագիծ, սահմանել եմ չափորոշիչներ, որոնց ձգտում են»։ Աշխատանքը թողնելու պատճառների մասին Մելքոնյանն այժմ չի հայտնում՝ «ամեն բան իր ժամանակն ունի»: Օրեր առաջ էլ Հանրայինից հեռացել էր հեռուստամեկնաբան Աբրահամ Գասպարյանը և իր ֆեյսբուքյան էջում գրել. «Ինձ համար կա մե՛կ մեծ վերնագիր՝ ազգային ու պետական արժեքներ․ հենց այդ վերնագրի ներքո է գրվել ու գրվելու իմ կենսագրությունը՝ երբեք թույլ չտալով, սակայն, որ անձնական գաղափարախոսությունը նսեմացնի մասնագիտականը և հակառակը»։
Ճիշտ է, Հանրայինի աշխատակազմը համալրվում է երիտասարդ լրագրողներով, բայց դա ոչ մի կերպ չի արդարացնում տարիների փորձ ու վաստակ ունեցող լրագրողներից հրաժարվելը:
Կարծես թե փորձ է արվում ձերբազատվել կամ ստեղծել նպաստավոր պայմաններ, որպեսզի հեռուստատեսությունում բազմամյա աշխատանքային փորձ ունեցող անձինք ինքնակամ հեռանան հեռուստաընկերությունից: Ամենայն հավանականությամբ, վերջիններիս դուր չի գալիս այն քաղաքականությունը, որը վարում է Հանրային հեռուստաընկերությունը՝ իշխանության քարոզչամեքենայի դերի ստանձնում, ծայրահեղ իշխանամետ դիրքորոշում, իրադարձությունների միակողմանի ներկայացում և մեկնաբանություն:
Politik.am-ի տեղեկություններով էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ի նախկին լրագրող, նրա եղբորորդու՝ Սիփան Փաշինյանի մտերիմ Մկրտիչ Կարապետյանը հեղափոխությունից հետո պաշտոնապես գրանցված է Հ1-ում, բավականին կլորիկ աշխատավարձ է ստանում, սակայն, ըստ լրատվամիջոցի աղբյուրների, աշխատանքի չի ներկայանում, չունի պատրականություններ և գրեթե ոչինչ չի անում հեռուստաընկերության համար:
Հիշեցնենք, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրենի պաշտոնը հետհեղափոխական շրջանում զբաղեցնում է Պետրոս Ղազարյանը, ով մինչ այդ երկար տարիներ աշխատանքային գործունեություն էր ծավալում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ առնչվող «Կենտրոն» ՀԸ-ում, նույն կուսակցության ցուցակով էլ նախորդ տարի առաջադրվել էր որպես Երևանի ավագանու թեկնածու: Իսկ թե ինչո՞ւ վերջինս չի միջամտում որակյալ կադրերի՝ Հ1-ում աշխատանքը շարունակելուն, կարող ենք միայն ենթադրել: