Փաշինյանի կառավարությունը սպառնում է դառնալ ամենաապազգայինը
Իշխանության և ժողովրդի միջև անջրպետը գնալով խորանում է․ բողոքի ակցիաներ, հասարակության բևեռացում, ազգային արժեքների ոտնահարում, ատելության և թշնամանքի մթնոլորտ։ Այս ամենին գումարվում են նաև իշխանության ճոխ ծախսերն ու բյուջեն մսխելու բազմապիսի դրվագները, որոնք հասարակության մոտ լուրջ զայրույթի և պոռթկման առիթ են հադիսանում։ Ժողովուրդը չի կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս եղավ, որ իրենց աջակցությամբ իշխանության եկած վարչապետը հանկարծ մոռացավ իրենց գոյության մասին։ Համատարած աղքատության ֆոնին վարչապետը գաղտնի կրկնապատկում է նախարարների աշխատավարձերը, միլիոններ է ծախսում կառավարական առանձնատան վերանորոգման, արտասահմանյան այցերի, չարթերային թռիչքների ու թանկարժեք մեքենաների գնման վրա։ Սա էլ բավարար չէ, վարչապետի հովանու ներքո պետությունը սկսել է ապազգային գործողությունների մի ամբողջ շարք՝ թիրախավորելով դպրոցներն ու բուհերը։
Ցավալին այն է, որ այս ճանապարհին Նիկոլ Փաշինյանը չի նկատում ժողովրդին ու արհամարհում է հասարակության լայն շերտերի առաջ քաշած խնդիրները։ Բայց չէ՞ որ վարչապետի պաշտոնը ստանձնելիս Փաշինյանը բոլորովին այլ կերպ էր ներկայացնում ժողովրդի և իշխանությունների փոխհարաբերությունները: Փաշինյանն անդադար կրկնում էր, որ սա ժողովրդի իշխանություն է և եկել է ժողովրդին ծառայելու ու նրա խնդիրները լուծելու։ Այսօր, սակայն, հակառակ պատկերն է։ Սխալված չենք լինի, եթե ասենք, որ վերջին 30 տարիների ընթացքում իշխանությունը երբեք այսքան հակաժողովրդական ու ապազգային չի եղել, որքան այսօր։ Փաշինյանի կառավարությունը, մի կողմ թողած երկրի առաջ ծառացած արտաքին մարտահրավերները, տնտեսական խնդրները, չունենալով երկրի զարգացման որևէ տեսլական, առաջադիմության քողի տակ պայքարում է սեփական ժողովրդի, ազգային արժեքների ու ավանդույթների դեմ։ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը, կրթական համակարգում հայագիտական առարկաների դերի նվազեցմանն ուղղված քաղաքականությունը, ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանությանն ուղղված ֆիլմերի ու պերֆորմանսների ֆինանսավորումը ասվածի վառ ապացույցն են։ Ի՞նչ է սա, եթե ոչ պայքար սեփական ժողովրդի դեմ։