Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. Ոսկեվազ գյուղում գայլերը հոշոտել են սոցիալապես անապահով ամուսինների ապրուստի միջոց՝ 25-ից ավելի մայրացու ոչխարներին․ Shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 03:00-ից 03:30-ն ընկած ժամանակահատվածում Ոսկեվազ գյուղի Արագածի 7-րդ նրբանցքի 12 տան բնակիչ, 67-ամյա Գրիշա Պետրոսյանը ձայներ է լսել ու տանից դուրս գալով, նկատել է գայլին և ձեռքին եղած եղանը շպրտել գայլի ուղղությամբ: Գայլը դիմել է փախուստի, ինչից հետո Գ. Պետրոսյանն ու նրա կինը՝ 61-ամյա Սուսաննա Պետրոսյանը հայտնաբերել են, որ իրենց տան դիմաց գտնվող, իրենց պատկանող ոչխարների մեծ մասը հոշոտված են:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ամուսինները այդ ժամին կատարվածի մասին տեղուկությունը փոխանցել են ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել են ոստիկանության ծառայողները, ովքեր արձանագրել են փաստը: Այս պահին համայնքի ղեկավարի կանչով ժամանել է նաև համայնքի անասնաբույժը, ով համայնքի ղեկավարի հետ արդեն ուսումնասիրում են խնդիրը, քանի որ կան մեծ թվով ոչխարներ, որոնց մի մասը սատկել են, մի մասն էլ վիրավոր են և, ըստ անասնաբույժի՝ մեծ մասը ապրելու ենթակա չէ:
«Ամուսիններով գտնվում են սոցիալապես անապահով վիճակում: Ունեն առողջական լուրջ խնդիրներ, ընտանիքն էլ բաղկացած է 12-ից ավելի անդամներից: Իրենց գոյությունը պահպանում էին էս ոչխարները պահելով և ստացած եկամուտի մեծ մասը ծախսում էին դեղերի վրա, քանի որ առողջական խնդիրներ ունեն: Գյուղապետը առաջին պահից այստեղ է ու գիտենք, եթե ձեռքին մի շանս լինի, ինքը հաստատ կանի, բայց ուզում ենք հավատալ, որ մարզպետն ու պատգամավորը անօգնական չեն թողնի, մենք էլ մեր կողմից խնդրում ենք նրանց, որպեսզի սատար կանգնեն ամուսիններին: Գելը հոշոտել է 35 ոչխարներից 24-ին, որոնց մի մասը պետք է ծնեին: Տարիներ առաջ նմանատիպ դեպք եղել էր գյուղի ծայրամասում գտնվող հատվածում, բայց որ արդեն գյուղի կենտրոնում են գելերն իրենց սև գործն անում, այսօր ականատես եղանք»,-ասել են համագյուղացիները։