Դատավոր Աննա Դանիբեկյանը կրկին հրաժարվեց ինքնաբացարկ հայտնել
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։
Որոշումը բողոքարկման ենթակա չէ:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։
Ըստ նրա՝ նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը չի առաջնորդվում ոչ ՄԻԵԴ, ոչ ՀՀ Սահմանադրական դատարանի վերաբերելի նախադեպերով, սակայն նախկինում իր պրակտիկայում կիրառել է դրանք։ Ավելին, խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ ոչ մի որոշում չի արժանանում պատշաճ պատճառաբանության և գործի փաստական հանգամանքների հետ համադրման, հիմնվում է մեջբերված նորմատիվային կարգավորումների վրա, որոնք որևէ կերպ չեն համընկնում և չեն արտահայտում որոշումների եզրափակիչ մասերում շարադրված դիրքորոշումներին։ Պաշտպանը նշեց, որ դատավոր Դանիբեկյանը կանխակալ բացասական վերաբերմունք ունի տվյալ գործի և, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։