Սիսակ Գաբրիելյանը ներկայացրեց Արսեն Բաբայանի համար անձնական երաշխավորություն տալու որոշման պատճառը

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը կարծում է, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ազատության մեջ գտնվելու պարագայում չի խուսափի նախաքննությունից և իրավապահ մարմնի պահանջով անմիջապես կներկայանա: Արմենպրեսի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 12-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Գաբրիելյանը, որի անձնական երաշխավորությամբ այսօր փոփոխվել է Բաբայանի խափանման միջոցը:
«Ինչպես հիմնավորմանս մեջ եմ նշել՝ Արսեն Բաբայանին ճանաչել եմ դեռ լրագրող լինելու տարիներիցս, ճանաչում եմ նրա տեսակը: Ես դիմել եմ՝ անձնական երաշխավորություն տալով, որ Արսեն Բաբայանը չի խուսափի նախաքննությունից և իրավապահ մարմնի պահանջով կներկայանա: Երեկ եմ ներկայացրել դիմումը, նաև վճարել եմ համապատասխան 500 000 դրամ գումարը»,- ասաց Գաբրիելյանը:
Պատգամավորը նշեց, որ որոշումը քննարկել է իր քաղաքական թիմի հետ, իսկ ճշտող հարցին, թե քաղաքական թիմի ո՞ր շրջանակի մասին է խոսքը, Գաբրիելյանը նշեց, որ նկատի ունի Ազգային ժողովի քաղաքական թիմը, կառավարության հետ քննարկում չի ունեցել:
Ավելի վաղ, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ՀՔԾ-ին հանձնարարվել էր սեղմ ժամկետում կատարել քննչական գործողությունները, որոնց արդյունքում հնարավոր կլիներ քննարկել Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու՝ դատարանի որոշմամբ նշվող հիմքերի առկայության շարունակականությունը:
«Ուսումնասիրելով քրեական գործի նյութերը և նկատի ունենալով, որ նախաքննության ներկա փուլում արդեն իսկ կատարվել է մեղադրյալ Արսեն Բաբայանի առնչությամբ պլանավորված անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողությունների հիմնական մասը, որի պայմաններում նվազել է վերջինիս ազատության մեջ գտնվելու դեպքում քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու վտանգը, և այն հանգամանքը, որ «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացվել էին մեղադրյալ Արսեն Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ դիմումներ՝ որպես երաշխիքի գումար, 500 000-ական ՀՀ դրամ փոխանցելու վերաբերյալ անդորրագրերի պատճենների հետ միասին՝ 2019 թվականի նոյեմբերի 12-ին որոշում է կայացվել մեղադրյալ Արսեն Բաբայանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և նրա նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ»,- գրել էր Աբրահամյանը: